Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ստեղծվել է Քաղկեդոնի ժողովը մերժած ասորիների նոր նվիրապետություն, իսկ Պարսկաստանի հակաքաղկեդոնիկ ասորի փոքրամասնությունը, որն ընդդիմացել էր նեստորականությանը, VI դ․ կեսին միացել է ուղղափառ (հականեստոր․, հակաքաղկեդոն․) ասորիներին։ Ասոր․ Արևելքի հակաքաղկեդոն․ պայքարի ամենանշանավոր ներկայացուցիչը VI դ․ սկզբին եղել է Անտիոքի պատրիարք (512–518) Սևերիոս Անտիոքացին, որը մեծ հեղինակություն վայելող աստվածաբան էր հատկապես ասորախոս բնակչության շրջանում։ Սակայն բյուզ․ Հուստինոս I-ի (518–527) հակաքաղկեդոն․ հալածանքների հետևանքով՝ նա 518-ին աքսորվել է Ալեքսանդրիա։ Նույն թվին Ալեքսանդրիա աքսորված մեկ այլ նշանավոր հակաքաղկեդոնիկ աստվածաբանի՝ Հալիկառնասի եպիսկոպոս Հուլիանոս Հալիկառնասցու հետ Սևերիոս Անտիոքացու վեճը Տիրոջ մարմնի անապականության շուրջ նոր պառակտումներ է առաջացրել ասոր․ համայնքներում։ Հուլիանոս Հալիկառնասցու աշակերտ Եվտրոպոսը, դառնալով եպիսկոպոս, սկսել է Կ․ Պոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Արաբիայի, Պարսկաստանի, ինչպես նաև Հայաստանի ասորիների համար եպիսկոպոսներ ձեռնադրել։ Իսկ Անտիոքի քաղկեդոնիկ նոր պատրիարք Եփրեմի (527–545) նախաձեռնությամբ Սևերիոս Անտիոքացու հետևորդների դեմ սկսվել են դաժան հալածանքներ։ Սևերիոս Անտիոքացին սկզբնապես չի ցանկացել Ընդհանրական եկեղեցուց անջատ նվիրապետություն ստեղծել, սակայն իրենց վանքերից աքսորված ասորի սևերյան վանականներն սկսել են իրենց համար հովիվներ ձեռնադրել, և 529-ին Սևերիոս Անտիոքացին ստիպված ճանաչել է բաժանված եկեղեցու օրինականությունը։ Սակայն բյուզ․ կայսր Հուստինիանոս I-ի (527–565) հալածանքների հետևանքով ասոր․ հակաքաղկեդոնիկ համայնքների մեծամասնությունը մնացել է առանց եպիսկոպոսների և եկեղեց․ կառույցի։ Այդ ընթացքում մի շարք եպիսկոպոսներ գաղտնի ճանապարհորդել են նոր քահանաներ ու եպիսկոպոսներ ձեռնադրելու համար։

VI դ․ Եդեսիայի Հակոբ Բարադեոս եպիսկոպոսը (542–578) բազմաթիվ եպիսկոպոսներ և քահանաներ է ձեռնադրել՝ Բյուզ․ կայսրության ու Պարսկաստանի հակաքաղկեդոն․ համայնքների հոգևոր կարիքները հոգալու համար և հաստատել նոր, ինքնուրույն եկեղեց․ նվիրապետություն։ Քաղկեդոնականությունը և նեստորականությունը մերժած ուղղափառ ասորիների այս եկեղեցին հայտնի է Հակոբիկյան եկեղեցի անունով՝ իր սեփական [Արևմտյան ասորական (սիրիական) կամ անտիոքյան կոչվող] ծիսակարգով ու ավանդույթներով։ 564-ին Հակոբ Բարադեոսը Անտիոքի պատրիարք է ձեռնադրել Պողոս Բեթ-Ուքամայեցուն (564–577), որի քաղկեդոն․ միտումների պատճառով Հակոբիկյան եկեղեցին ներքին ճգնաժամ է ապրել։ Սակայն Անտիոքի Աթանաս Ա Գամալա պատրիարքը 615–616-ին հաշտեցրել է կողմերին։

Ա․ու․ե-ու պատրիարքները մինչև 1034-ը նստել են Անտիոքում, այնուհետև՝ Մար Բարսումա (1034–1293), Դերեզ-Զաֆառան (1293–1924) վանքերում, Հոմսում (1924–59) և վերջապես՝ Դամասկոսում։

Միջին դարերում ասոր․ ուղղափառ գիտ․ միտքը մեծ վերածնունդ է ապրել, համայնքներն ունեցել են աստվածաբանության, փիլիսոփայության, պատմության և այլ գիտությունների բարգավաճող կենտրոններ։ Զարգացման իր բարձրակետին (XIII դ․) Ա․ու․ե․ ներառել է 20 մետրոպոլիտական աթոռներ և 103 թեմ, որոնք հասել են մինչև Աֆղանստան։ Այդ ժամանակաշրջանում Կենտր․ Ասիայում գոյություն են ունեցել նաև առանց եպիսկոպոսի առաջնորդվող ասոր․ ուղղափառ հավատացյալների համայնքներ։ Սակայն XIV դ․ վերջին Լենկթեմուրի արշավանքների ընթացքում ասոր․ եկեղեցիների և վանքերի մեծամասնությունն ավերվել է, փակվել են կրթության շատ կենտրոններ՝ սկիզբ դնելով երկարատև անկմանը։ Ա․ու․ե․ մեծ կորուստներ է կրել հատկապես առաջին համաշխ․ պատերազմի տարիներին Թուրքիայում իրականացված հալածանքների և ջարդերի պատճառով։ Ողջ մնացածներից շատերը գաղթել են հարևան արաբ․ երկրներ, Եվրոպա և Ամերիկա։

XVII դ․ կեսից Ա․ու․ե․ ներառել է Հնդկաստանի ինքնավար եկեղեցին, որի մի մասն այսօր կոչվում է Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցի (Հվ․ Հնդկաստանի Քերալա նահանգում), որի գլուխն է կաթողիկոսը (կաթողիկոսանիստը՝ նահանգի մայրաքաղաք Քոթայայում)։

Ա․ու․ե-ու ԱՄՆ-ի և Կանադայի թեմերը հիմնվել են 1957-ին։ Դրանք ընդգրկում են 18 պաշտոն․ ծխեր և առաքելություն իրականացնող