4 միաբանություններ։ 1993-ին Ա․ու․ե-ու պատրիարքը հնդիկ հավատացյալների համայնքները բաժանել է սիրիական թեմից և մետրոպոլիտ Մար Նիկոլոսոս Զաքարիայի հովվական առաջնորդության ներքո Հս․ Ամերիկայում ստեղծել Ա․ու․ե-ու Մալաբար (Մալանկարա) թեմը։ Այն ներառում է 23 ծուխ, որտեղ ծառայում է 25 հոգևորական։ Ավստրալիայում, որտեղ պաշտոնավարում է պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոսը, կան 6 ուղղափառ ասոր․ եկեղեցիներ։ Ներկայումս (2001) 2,4 մլն հակոբիկ քրիստոնյա բնակվում է Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և Լիբանանում, 2 մլն՝ Հնդկաստանի Քերալա նահանգում, 50 հզ․՝ Արմ․ Եվրոպայում, 50 հզ․՝ Հյուսիսային և 50 հզ․՝ Հարավային Ամերիկայում։
Հնագույն ասոր․ քրիստոնեությունն ունեցել է խիստ ճգնավոր․ բնույթ, շեշտված վանական ավանդություն։ Եկեղեցիների կորիզը կազմել են վանական համայնքները։ Բյուզ․ կայսրության տարածքում հակոբիկ եպիսկոպոսները սովորաբար իրենց աթոռները գաղտնի հաստատել են վանքերում, քանի որ քաղաքներում իշխանություններն ուժով պարտադրել են քաղկեդոնականություն, իսկ քաղաքներից հեռու վանքերը իշխանությունների վերահսկողությունից դուրս են եղել։ Ներկայումս միայն մի քանի վանքեր են պահպանվել Հվ-Արլ․ Թուրքիայում, Իրաքում, Լիբանանում, Սիրիայում։ Մեկ վանք բացվել է Նիդերլանդներում, որն իր տեսակի մեջ միակն է ասոր․ սփյուռքում։ Վանքերը ներկայումս կրթ․ կենտրոններ են, որտեղ ստանում են աստվածաբան․ կրթություն։ Ա․ու․ե-ու գլխ․ աստվածաբան․ հաստատությունը Ս․ Եփրեմ սիրիական ուղղափառ ճեմարանն է։ Հիմնվել է 1939-ին, Մոսուլում (Իրաք), ապա 1960-ական թթ․ փոխադրվել Լիբանան։ 1968-ին ճեմարանը տեղափոխվել է Բեյրութին մոտ գտնվող Ատչանեհ վայրը, սակայն Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով ուսանողները հաստատվել են Դամասկոսում։ 1995-ին Ս․ Եփրեմ ճեմարանի նոր մասնաճյուղեր են բացվել Դամասկոսին մոտ գտնվող Սայեդնիյայում։
Ասորիները եղել են քրիստոնեության առաջին քարոզիչները նաև Հայաստանում, որտեղ քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակվելուց (301) հետո նրանք գործունեության ազատ ասպարեզ են ստացել։ Ասորերենը՝ որպես նոր կրոնը քարոզելու միջոց, հունարենին զուգընթաց, IV դ․ Հայաստանի եկեղեցիներում ու դպրոցներում պաշտոն․ լեզու էր։ Հայոց պատմության վաղ շրջանի բազմաթիվ անցքեր ու ավանդություններ արտացոլվել են ասորի մատենագիրների երկերում, որոնցից օգտվել են հայ մատենագիրները։ Մեսրոպ Մաշտոցին, հայկական գրերը ստեղծելիս, աջակցել են ասորի գիտնականները։ Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունները կատարվել են նաև ասոր-ից։ Ասոր․ են թարգմանվել հայ մատենագիրների երկերը։
Հայ-ասոր․ եկեղեց․ հարաբերությունները, սկիզբ առնելով քրիստոնեության վաղ շրջանից, շարունակվել են հետագա դարերում։ Մերժելով նեստորականությունը, հետևաբար՝ Նեստորական եկեղեցու հետ ամեն հարաբերություն՝ Հայ եկեղեցին առնչվել է հակաքաղկեդոն․ ասորիների հետ։ Հատկապես VI–VIII դդ․, երբ Հայ եկեղեցին մեծ հեղինակություն և դիրք է ձեռք բերել Քաղկեդոնը մերժած եկեղեցիների և ժողովուրդների շրջանում, ուղղափառ ասորիներն իրենց պաշտպանությունը գտել են դավանակից Հայ եկեղեցում, իսկ Հայոց կաթողիկոսները եպիսկոպոսներ են ձեռնադրել նաև նրանց համար։ Դվինի 506-ի ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) քննարկվել է նաև նեստորականներից հալածված՝ Պարսկաստանի ուղղափառ ասորիների հարցը, որոնք օգնության խնդրանքով դիմել էին Հայոց կաթողիկոս Բաբկեն Ա Ոթմսեցուն։ Վերջինիս գրած Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս երկու թղթերը հավաստել են երկու եկեղեցիների դավան․ միասնությունը։ 554-ի Դվինի Բ ժողովին, որը, ըստ տիրող կարծիքի, սկիզբ է դրել Հայ և քաղկեդոնիկ եկեղեցիների պաշտոն․ բաժանմանը, մասնակցել է նաև ուղղափառ ասորիների Աբդիշո եպիսկոպոսը, որն էլ օգնել է հայերեն թարգմանելու VI դ․ հակաքաղկեդոնիկ աստվածաբան Փիլոքսենոս Մաբուգեցու (Քսենայա) գրվածքները։ Հայ-ասոր․ Մանազկերտի եկեղեցական ժողովում (726), որը հրավիրվել էր Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու և Անտիոքի Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ, Հայ և Ասորի Հակոբիկ եկեղեցիների միջև կնքվել է դավան․ միություն անապականության խնդրի շուրջ, ինչպես նաև մի շարք ծիսական հարցերում (Քրիստոսի ծննդյան օրվա, Պատարագի անխմոր հացի և անխառն գինու մատուցման ևն) որդեգրվել է