Սիս․․․ի թուիս հայոց ի ՈՂԵ» (1246)] Վարդան Արևելցին մերժել է Կաթոլիկ եկեղեցու առաջադրած վարչաքաղ․ գերագահության գաղափարը և հերքել պապի պարտադրած 15 դավան․ կետերը։ 1302-ին Ստեփանոս Օրբելյանը գրել է «Թուղթ վասն հաւատոյ եւ կարգաց եկեղեցւոյ յարեւելեան աշխարհէս առ կաթողիկոսն Հայոց տէր Գրիգոր»․․․ երկը, որտեղ կոչ է արել Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսին պահպանել Հայ եկեղեցու դավան․, ծիսական անաղարտությունը, առաքելավանդ սահմանումները։ Սակայն թուղթն իր անհրաժեշտ արդյունքը չի տվել, և Ստեփանոս Օրբելյանը նույն թվականին շարադրել է իր դավան․ մյուս երկասիրությունը՝ «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակացը», որտեղ երկաբնակ դավանանքի ահագնացող տարածումը նմանեցնելով առողջ մարմինը ճարակող քաղցկեղի՝ տագնապով գրել է, որ դրանով վարակված է բովանդակ Կիլիկիան, Բագրատունյաց Անին, Շիրակը։ Ստեփանոս Օրբելյանի այս աշխատության շարադրումը պայմանավորված էր նաև XIII դ․ 2-րդ կեսին Կիլիկիայում շրջանառված քաղկեդոն․ «Արմատ հաւատոյ»-ի աստվածաբան․ մերժման անհրաժեշտությամբ։ Ստեփանոս Օրբելյանի երկը բաղկացած է 12 «ձեռնարկներից», որոնք շոշափում են քրիստոսաբան․ (Բ, Գ, Դ), ծիսական (Ե, Զ, Ժ, Է), տոմարական (Ը), եկեղեցաբան․ (ԺԱ, ԺԲ) և այլ բնույթի հարցեր։
Ծիսական և տոմարական բնույթի հարցեր են արծարծվել Մովսես Երզնկացու «Ընդդիմադրութիւն սակս ջրոյն խառնման ի սուրբ խորհուրդն ի թուին հայոց ՉԾԸ» (1309) և «Պատասխանի թղթոյն Տրապիզոնի առ հատուածեալն Գրիգոր երէց» աշխատություններում։ Քաղ․ նկատառումներից ելնելով՝ Կիլիկիայի Հայոց Հեթում Բ թագավորը և Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը 1307-ի Սսի ժողովում (տես Սսի եկեղեցական ժողովներ) ընդունել են Արևմուտքի պահանջները։ Մովսես Երզնկացու «Ընդդիմադրութիւն»-ը ուղղված է եղել այդ ժողովի ազգավնաս որոշումների դեմ։ Նրա մյուս երկը գրվել է ի պատասխան հունադավան հայազգի Գրիգոր քահանայի ամբաստանագրի, որտեղ արծարծվել են քրիստոսաբան․ (բնության խնդիրը), ծիսական (ս․ բաժակի մեջ ջուր չխառնել, մեռոնը կարող է լինել ոչ միայն ձիթապտղից, այլև զանազան նյութերից), տոմարական (Հովհաննես Մկրտչի տոնը կատարել ոչ թե հունիսի 24-ին, այլ՝ հուլիսի 11-ին) խնդիրներ։ XIII–XIV դդ․ մյուս դավանաբան հեղինակը Մխիթար Սասնեցին է։ Նրա գրչին է պատկանում 17 ճառ, որոնք ունեն քրիստոսաբան․, ծիսական, վախճանաբան․, բարոյաբան․ ուղղվածություն։
Արևելքում պապական քաղաքականության իրականացման համար Կաթոլիկ եկեղեցին իր գործակալներին՝ դոմինիկյան քարոզիչներին, ուղարկել է Հայաստան։ Նրանք (Բարթուղիմեոս Մարաղացի, Հովհաննես, Հակոբ Քռնեցիներ, Հովհաննես Ծործորեցի և ուր․) Արտազի շրջանում և Նախիջևանում միարարականների (տես Ունիթորություն) անվան տակ ծավալել են եկեղեցավարչ․, քարոզչ․ քայքայիչ գործունեություն։ Ընդդեմ պապական քաղաքականության գրվել և հրապարակվել են կաթոլիկ աստվածաբանությունը քննադատող դավան․ աշխատություններ։ Այդ պայքարին մասնակցել են Հայ եկեղեցու մեծանուն հեղինակություններ Եսայի Նչեցին («Դաւանութիւն հաւատոյ», «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ», «Թուղթ ընդդէմ Հեթմոյ Կիւրիկեցւոյն» ևն), Կիրակոս Երզնկացին («Խրատ առ ուղղափառ հաւատացեալսն», «Թուղթ առ Կարնեցիս», որտեղ մասնավորաբար խոսվում է եկեղեցու յոթ խորհուրդների մասին), Հովհան Որոտնեցին («Հաւատոյ դաւանութիւն» թուղթը՝ ուղղված Կոստանդին Ե Սսեցի կաթողիկոսին)։ Հակամիարար․ շարժման հարուստ փորձն իր աստվածաբան․ աշխատություններում լավագույնս օգտագործել է Գրիգոր Տաթևացին։ Միարարների դեմ պայքարն առավել նպատակասլաց մղելու համար նա կիրարկել է միարարների իսկ գործադրած մտակառուցման դպրոցական (սխոլաստիկ) եղանակը, որին հատուկ է աստվածաբան․ դրույթների հիմնակարգումը, դասդասումն ու թվակարգումը։ Նշված եղանակով է Գրիգոր Տաթևացին շարադրել «Գիրք հարցմանց»-ը և «Ոսկեփորիկ»-ը, որոնք հանրագիտարանային համակողմանիությամբ ներկայացնում են Հայ եկեղեցու վարդապետ․ աստվածաբանությունը։ Այս երկերում (մասնավորապես «Գիրք հարցմանց»-ում) որոշակի համակարգի են բերվում հայ վարդապետ․ աստվածաբանության բազմադարյան նվաճումները։ Գրիգոր Տաթևացին «Գիրք հարցմանց»-ում դավան․ իրողությունները ներկայացրել է կուռ, ներդաշն համամասնությամբ։ Գործը շարադրված է աստվածաբանելու դպրոց․ (սխոլաստիկ) ոճին հարազատ