Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 հարցուպատասխանիների (Questitiones disputatae) եղանակով։

Գրիգոր Տաթևացուց հետո աստվածաբան-դավանաբան․ միտքն ունեցել է առանձին առկայծումներ։ Հիշատակության արժանի են XV–XVIII դդ․ հեղինակներ Մատթեոս Ջուղայեցու «Վասն հարցմանց անօրինաց զանազան պատասխանիք», «Երկաբնակացն առ մեզ հարցումն եւ պատասխանիք առ նոսա» (Մատենադարան, ձեռ․ դդ 969, 1233), Աղեքսանդր Ա Ջուղայեցի կաթողիկոսի «Յայտարարութիւն ընդդէմ ֆռանկաց» կամ «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» աշխատությունները։ Աղեքսանդր Ա Ջուղայեցու տասը գլուխներից բաղկացած երկում հերքվել են լատին դավանության հիմն․ դրույթները։ Վարդապետ․ աստվածաբանության ընդհանուր հարցեր են արծարծվում Ստեփանոս Լեհացու «Բանք իմաստասիրականք եւ աստուածաբանականք» (Մատենադարան, ձեռ․ դ 110), Ստեփանոս Դաշտեցու «Կոչնակ ճշմարտութեան» (Մատենադարան, ձեռ․ դ 8111), «Մաղախ փշրանաց» (Մատենադարան, ձեռ․ դ 9689), Հովհաննես Ջուղայեցու «Համառօտ աստուածաբանութիւն» (Մատենադարան, ձեռ․ դ 7063), «Գիրք որ կոչի սրբազնագործութիւն» (Մատենադարան, ձեռ․ դ 1935) երկերում։

XIX դ․ 1-ին կեսին կաթոլիկ Արևմուտքի դեմ մաքառմանը փոխարինել է բողոքական աստվածաբանության դեմ ծավալված պայքարը։ Հայ եկեղեցու դավան․ անաղարտությանը նախանձախնդիր հեղինակները հանդես են եկել ընդդեմ Լյութերի և Կալվինի։ Առավել նշանակալից են Ղազար վրդ․ Մարտիրոսյանի «Տեսութիւն ընդդէմ Լիւտերի եւ լիւտերականաց», «Պատասխանի կալվինեանց թիւնալի նորակրօն տետրակին․․․» աշխատությունները։ Այս շրջանում փորձ է արվել ամբողջացնել դավանաբան․ աստվածաբանության լավագույն ավանդույթները։ Մսեր Մսերյանի (Մսեր Գրիգորյան Զմյուռնացու) աշխատասիրությամբ 1850-ին լույս է տեսել «Հրահանգ քրիստոնէական հաւատոյ ըստ ուղղափառ դաւանութեան եկեղեցւոյ Հայաստանեայց» գիրքը։ Աշխատության առաջին մասում Նիկիայի, Կ․Պոլսի և Հայ եկեղեցու Հավատո հանգանակների համադիր քննությունն է, ապա վարդապետ․ աստվածաբանության տասը հիմն․ ստորոգությունները (Գոյութիւն Աստուծոյ, Կատարելութիւնք աստուածայինք, Երրորդութիւն աստուածային անձանց, Արարչագործութիւն, Նախախնամութիւն, Մարդեղութիւն Աստուածորդւոյն, Եկեղեցի Քրիստոսի և խորհուրդ նորա, Շնորհաբաշխութիւն, Հարութիւն մեռելոց, Վերջին դատաստան) պարզաբանող հարցուպատասխանին։ Աշխատության երկրորդ մասում «Վկայութիւնք» խորագրի տակ բերված են վարդապետ․ և դավան․ աստվածաբանությանը վերաբերող քաղվածքներ Աստվածաշնչից, եկեղեցու հայրերի ժառանգությունից։

Հայ եկեղեցու վարդապետ․ սկզբունքների ընդհանուր պատկերն է տրված Մ․ արք․ Օրմանյանի «Հայոց եկեղեցին» աշխատության ԻԱ-ԻԶ գլուխներում («Դաւանական սկըզբունքներ», «Հայ եկեղեցւոյ դաւանութիւնը», «Հաւատոյ հանգանակը», «Ներողամտութեան հոգին», «Եկեղեցւոյ խորհուրդները», «Վարդապետական ճշդաբանութիւնը»)։ Իր ընդգրկմամբ, փաստերի տրամաբան․ քննությամբ աչքի է ընկնում հեղինակի «Տեղիք աստուածաբանութեան» կոթողային աշխատությունը, որտեղ Հայ և արևելաքրիստ․ եկեղեցու դավանանքի հիման վրա հեղինակը մանրամասն ներկայացրել է ոչ միայն դավան․, այլև բարեպաշտ․ աստվածաբանության հիմնակետերը։

Դասախոս․ երկարամյա գործունեության արդյունք է Ա․ Տեր-Միքելյանի «Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը» ստվար աշխատությունը, որը, ինչպես հեղինակն է նկատում, «դաւանական վարդապետութեան ձեռնարկ է»։ Իր ժամանակի եվրոպ․ գիտության նվաճումների հիման վրա, առաջին անգամ նա է համակարգել և դասդասել հայ դավանաբան․ աստվածաբանության բազմադարյան փորձն ու ձեռքբերումները։ Գլխավորաբար հայ հեղինակների տեսական – վարդապետ․ բովանդակություն ունեցող երկերի (Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք», Եղիշե, Հովհաննես Ա Մանդակունի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի և ուր․) օգտագործումով տրված է Հայ եկեղեցու դավանաբան․ աստվածաբանության համապարփակ պատկերը։ Աշխատության կառուցվածքը թելադրվել է Հայ եկեղեցու Հավատամքի բովանդակությամբ․ ա․ Աստված և նրա գործերը, բ․ Աստվածորդու փրկագործությունը, գ․ Ս․Հոգու շնորհաբաշխությունը, եկեղեցին, նրա սուրբ խորհուրդներն ու հանդերձյալ կյանքը (փրկության տնտեսություն և կատարում)։ Առաջին մասը սկսվում է կրոնագիտ․ վերլուծմամբ, որի նպատակը Աստծո գոյության հաստատումն է։