է տպագրել ու բաժանել։ Ռուս․ կայսրության տարբեր ազգերի հոգևոր առաջնորդներ անդամակցել են Ռուս․ աստվածաշնչային ընկերությանը և աջակցել նրա գործունեությանը։ Հայոց կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին (1809–30) դարձել է այդ ընկերության փոխնախագահներից մեկը։ Մինչև XIX դ․ 1-ին քառորդը Ռուս․ և Բրիտ․ աստվածաշնչային ընկերությունները համատեղ հազարավոր օրինակ հայ․ (գրաբար և աշխարհաբար), ինչպես նաև հայատառ թուրք․ Աստվածաշունչ և նրա առանձին մասեր են տպագրել ու զեղչ գներով, երբեմն էլ՝ անվճար, բաժանել ժողովրդին։
Աշխարհի բոլոր աստվածաշնչային ընկերությունների միջև հարաբերությունների սերտացման և նրանց ջանքերի համատեղման անհրաժեշտությունը ծնունդ է տվել աստվածաշնչային ընկերությունների շարժման։ 1946-ին ստեղծված Միացյալ աստվածաշնչային ընկերությունը, որպես մասնագիտացված կազմակերպություն, աշխարհի 200-ից ավելի աստվածաշնչային ընկերություններին և գրասենյակներին, այդ թվում՝ ՀԱԸ-ին, հնարավորություն է ընձեռում օգտվելու իր մասնագետների՝ լեզվաբանների, հրատարակիչների, թարգմանիչների, ինչպես նաև տպարանների ուղղակի կամ անուղղակի ծառայություններից։
ՀԱԸ ընդգրկված է Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի կազմում, որի աշխատանքները համակարգվում են Անգլիայի Քրոլի քաղաքում գործող տարածաշրջանային կենտրոնի գրասենյակում։ ՀԱԸ մասնակցում է տարածաշրջանային տարբեր բնույթի ժողովների ու խորհրդակցությունների, ութ տարին մեկ՝ Միացյալ աստվածաշնչային ընկերության համաշխ․ համագումարին, որը սահմանում է ընկերության գործունեության համընդհանուր սկզբունքները և երկկողմանի հարաբերություններ զարգացնում տարբեր երկրների աստվածաշնչային ընկերությունների հետ։
ՀԱԸ ղեկավարում են Ազգային համագումարը (հրավիրվում է տարին մեկ) և հոգաբարձուների խորհուրդը՝ Ընկերության գլխ․ քարտուղարի միջոցով։ Ներկայումս ՀԱԸ-ի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է յոթ հոգուց՝ չորսը՝ Հայ առաքելական, երկուսը՝ Հայ ավետարանական, մեկը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց։ Հոգաբարձուների խորհրդի առաջին ատենապետն է եղել Ներսես արք․ Պոզապալյանը։ Ներկայիս ատենապետն է Եզնիկ եպս․ Պետրոսյանը, փոխնախագահներն են Ներսես արք․ Տեր-Ներսեսյանը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց, և վերապատվելի Ռընե Լևոնյանը՝ Հայ ավետարանական եկեղեցուց։
- Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․2, 3-րդ պատկերը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, Աստվածաշնչի մեջ հանդիպող դժվարհասկանալի բառերի, հասկացությունների և զանազան անունների բացատրական բառարաններ, որոնք տարածված էին միջնադարյան Հայաստանում։ Ամենահինը (VI–VII դդ․) «Բառք եբրայեցւոց» բառարանն է, որը եբր-ից թարգմանվել է հուն․ և հուն-ից՝ հայերեն։ Պարունակում է, ըստ տարբեր ձեռագրերի, 900–1000 բառ։ Համաձայն բովանդակության, այստեղ ստուգաբանվող բառերը բաժանվում են երեք հիմն․ խմբերի․ ա․ անձնանուններ, մականուններ, կենդանիների, կուռքերի անուններ (Ադամ, Աբրահամ, Ամբակում, Բահաղ, Բերսաբե, Բեեղզեբուղ, Գերսամ, Դավիթ, Զաքարիա, Ստեփանոս, Քերովբե ևն), բ․ տեղանուններ (քաղաքներ՝ Բաբելոն, Գաբավոն, լեռներ՝ Գաղաադ, Կարմեղոս, ձոր՝ Կեդրոն, անապատ՝ Սինա ևն), գ․ ժողովուրդներ, ցեղեր, տոհմեր, աղանդներ, փառաբանական բառեր (ամովրհացիք, սադուկեցիք, քաղդեացիք, փարիսեցիք, փերեզացիք, ալելուիա ևն)։ Այս կարգի բառերի մեծ մասը քաղված է ոչ թե Աստվածաշնչից, այլ եբր․ կրոն․ այլ գրքերից։ Բառարանում տրված է անունների համառոտ ստուգաբանությունը (Դավիթ՝ «զորավոր ձեռն կամ սիրեցյալ», Եղիսաբեթ՝ «Աստուած իմ կամ երդումն», Յովնաթան՝ «տուր կամ առավելագոյն», Իսահակ՝ «ծիծաղ կամ խնդութիւն», Սամսոն՝ «արեգակն նոցա կամ փրկութիւն»)։ Եբր․ հատուկ անուններից զատ «Բառք եբրայեցւոց» բառարանում տրվում է նաև Նոր կտակարանում առկա հուն․ ծագում ունեցող բառերի կամ անունների ստուգաբանությունը (Պետրոս՝ «քար, վեմ», Պողոս՝ «փոքր կամ զարմանալի» ևն)։ «Բառք եբրայեցւոց»-ը հայ միջնադարյան բառարանագրության վաղագույն այբբենական բառարաններից է։ Բացառիկ էր նրա դերը միջնադարի հայ վանական դպրոցներում Աստվածաշնչի ուսումնասիրման ընթացքում՝ իբրև աշակերտների մշտական և գործածական ձեռնարկ։
XVII դ․ կեսից երևան են եկել Աստվածաշնչի այլ որակի բացատր․ բառարաններ՝ հիմնված