Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին գավառի զինված ուժերի մեջ, իսկ տարեց մարդիկ ու պատանիները թողնվում են որպես պահեստային աշխարհազորայիններ:

Հասարակության մյուս գյուղերում կամավորների հավաքագրման ուղղությամբ Սաթխայի ազգային խորհրդի փորձն անցնում է ապարդյուն։ Սաթխայի զինված ուժերը բաժանվում են երկու մասի՝ հետեւակի եւ հեծելազորի։ Հետեւակային վաշտի մեջ ընդգրկվում են 160 զինվորներ։ Վաշտի հրամանատար է նշանակվում Գարեգին Քրիստափորի Սուքիասյանը։ Վաշտն իր հերթին ստորաբաժանվում է չորս դասակների, որոնց հրամանատարներ են նշանակվում ցարական բանակի նախկին զինծառայողներ Ղափոյան Գրիգորը, Խանոյան Պողոսը, Փահլեւանյան Արիստակեսը եւ հարությունյան Դավիթը: Յուրաքանչյուր դասակ իր հերթին բաժանվում է չորս ջոկի։ Գումարտակի կազմի մեջ մտնող 60-64 հեծյալների խմբի հրամանատար է նշանակվում Մաթեւոս Մշեցյանը, որը հետագայում աչքի է ընկնում իր քաջագործություններով։

Բուժման գործը հանձնարարվում է թուրքական բանակի նախկին բժիշկ Հարություն Մանվելյանին (նրան անվանելիս են եղել նաեւ «Մարդ-մարդ»)։ Պատմում են, որ պատերազմից առաջ նա փախել է Ռուսաստան (Ջավախք)։ Ողջ գավառի հիվանդները դիմելիս են եղել նրան եւ բուժվել են ձրի։ Սաթխայի զինված ուժերը զենքն ու զինամթերքը հիմնականում ստացել են Ախալքալաքից։ Մարտական հրացաններ, ատրճանակներ, նռնակներ, սրեր իրենց հետ բերում էին նաեւ կազմալուծված ռուսական բանակի նախկին զինվորները։ Գյուղացիների մեծամասնությունն ուներ նաեւ իր սեփական զենքը մարտական, որսորդական հրացաններ, դաշույններ (սաթխեցու անբաժան զենքը) եւ այլն։ Իսկ այն աշխարհազորայինները, որոնք հրազեն չեն ունեցել, զինվել են եղաններով։

Զորքի պարենավորման հոգսն ամբողջովին իր վրա է վերցրել գյուղի բնակչությունը։ Զորքի պարենային մատակարարման գործն իրականացվում էր ազգային խորհրդի կողմից: Վերջինս բնակչությունից հերթականությամբ, հավասարության սկզբունքով հավաքում էր խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, հաց եւ այլ մթերքներ եւ կանանց, աղջիկների հետ ուղարկում զինվորական ճամբար։

Ինչպես տեսանք, զորքի միայն մի փոքր մասն էր ծառայել ցարական բանակում, ուստի անհրաժեշտ էր վարժեցնել նաեւ նոր զինվորագրվածներին։ Այդ նպատակով, ազգային խորհրդի որոշմամբ, զինված ուժերը դուրս Են բերվում գյուղից եւ տեղավորվում գյուղից մոտ երեք կմ հարավ գտնվող «Ղարաղալու յամջըներ» կոչվող վայրում,