Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ամբողջ երկիրը լի է բերքով եւ ընտանի ու մշտադալար ծառերով, ունի նաեւ ձիթենի: Փավենեն (ենթադրվում է, որ այն Փայտակարանն է) եւս Հայաստանի գավառներից է, եւ Կոմիսենեն (Կամբյուսենե-Կամբեճան, որը Կուր գետից հյուսիս էր ընկած եւ գտնվում էր Կամբեճ (Իւրայ) այժմ Իորա կամ Իորի) գետի ավազանում, ըստ Ս. Երեմյանի 7510 կմ2 տարածք) եւ Օրքիստենեն, որ տալիս է մեծաքանակ հեծելազոր։

Խորզենեն (Պտղոմեոսի ներկայացրած Կոտերձեն (Cotarzene Regio) Գոդերձական կուսակալությունն է։ Այս կարծիքին են Գ. Մելիքիշվիլին (տես Меликшвили, К истории древней Грузии, Тб., 1959 էջ 114), Ս. Երեմյանը (տես «Հայ ժողովրդի պատմություն», հ.1, էջ 720) եւ Կամբյուսենեն (Կամբեճան) ամենահյուսիսայիններն են եւ առավել ձյունառատ, որոնք սահմանակցում են Կովկասյան լեռներին եւ Իբերիային ու Կոլխիդային (տես «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Երեւան, 1981, էջ 195)։

Մեկ այլ տեղ Ստրաբոնը գրում է. «Աղվանքի հարավային սահմանի ամբողջ երկարությամբ տարածվում է Հայաստանը, որ հարուստ է դաշտերով ու լեռներով, ինչպես Կոմբյուսենե (Կամբեճան), որ գտնվում է այնտեղ, ուր Վրաստան, Աղվանք եւ Հայաստան իրար են կտրում» (տես Ստրաբոն, Երեւան, 1940, էջ 31, Հր. Աճառյանի թարգմանությամբ)։ Ստրաբոնի նկարագրած Մեծ Հայքի հյուսիսային գավառները համարյա նույնությամբ համապատասխանում են Պտղոմեոսի քարտեզին:

Ստրաբոնն իր նկարագրած հայկական տարածքների (այդ թվում, բնականաբար, Տփղիսի եւ նրա շրջապատի, Կախերի մեծ մասի՝ Կամբեճանի եւ այլն) բնակչությունն համարում է «միալեզու», այսինքն, հայախոս… (տես ՀԺՊ քրեստոմատիա, Եր., 1981, էջ 196)։

Ըստ Ն. Մառի, Հերքի (Հերեթիա) երկիրը, Կախեթի մեծ մասը բնակեցված էր հայերով, որոնք վրացացվեցին Վրաստանի կողմից նվաճվելուց հետո… (տես Н. Маррь, Аркаунь монгольское название христiанъ, Петр., 1905г., c.7)։

Ըստ ակադեմիկոս Բրոսսեի, որի հեղինակությունը վրացագիտության մեջ որեւէ կասկած չի հարուցում, Թիֆլիսի սկզբնավորությունն անգամ հայկական է եւ որ այն շինված է հայ մոքալաքների (քաղաքաբնակ) համար (տես Broset-Histoire de la Georgie. Introduction, St. Peters, 1858, XXX. Հմմտ. Լեօ, Սահմանավէճեր, էջ 13-14)։