Գեներալ Արջեւանիձեի ջանքերով ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Մարտի 13-ին տեղի ունեցավ Ածղուրի անմեղ զոհերի թաղումը, որոնց թվում էր քաջարի զինվոր Աղասի Կորկոտյանը:
Հուղարկավորությանը ներկա էին գեներալ Արջեւանիձեն իր շտաբով, քաղաքային վարչության կազմը Զ. Զորյանի գլխավորությամբ, հայոց, վրաց եւ ռուսաց ազգային խորհուրդները, ինքնապաշտպանության հայկական գվարդիան, վրացական կարմիր գվարդիան եւ այլ զորախմբեր, ամբողջ քաղաքի բնակչությունը։
Այդ օրերին Ախալցխայի թուրքերին, քաղաքագլուխ Զ. Զորյանի կարգադրությամբ, պահում էին անվնաս տեղում հատուկ հսկողության տակ, որպեսզի նրանց հետ հաշվեհարդար չտեսնեն Ածղուրի անմեղ գոհերի վրեժը լուծելու համար։ Այս թուրքերը հետո փոխանակվեցին Ածղուրի եւ Աբասթումանի գերված, հայերի եւ վրացիների հետ։
Հիշարժան է նաեւ Դիպակ սարի ճակատամարտը։ Ապրիլի 23-ին 200 թուրք հետեւակայիններ եւ հեծյալներ շարժվում են դեպի Օրալ եւ Սազել հայկական գյուղերը։ Նրանց դեմ դուրս են գալիս այդ գյուղերից 170 կտրիճներ, եւ Դիպակ սարի վրա Օրալի Սաթորա-յայլայի մոտ սկսվում է մի ահեղ ճակատամարտ, որի ընթացքում հայ գյուղացիները թուրքերին ստիպում են նահանջել դեպի Դիպակ, որտեղից եւս քշում են 5-6 վերստ հեռու: Ջախջախված թուրքերը տալիս են 60 վիրավոր եւ 30 սպանված, որոնց թվում նախկին ստրաժնիկ քուրդ Շառոն, որն իր հարեմն էր տարել հարևան վրացական գյուղերից բազմաթիվ գեղեցիկ կանանց ու աղջիկների, ի դեպ Մուսխի կռիվների ժամանակ նրանց գերությունից ազատեցին հայերը տալով 2 սպանված եւ 5 վիրավոր («Շարժում», 1918 թ. թիվ 27, Զ. Դիդմամիշվիլի, օրագիր)։
Մայիսի 3-ին և 4-ին համառ մարտեր տեղի ունեցան հայկական Ծուղրութ եւ Ծիրա, հունական Միքելծմինդա գյուղերի մոտ։ Թուրքերը մեծ ուժերով միաժամանակ հարձակվելով ստիպեցին այս երեք գյուղերի բնակիչներին հեռանալ իրենց գյուղերից եւ ապաստան գտնել քաղաքում։ Այս գյուղացիները նախօրոք իրենց անասուններն ու գույքը տեղափոխել էին Ախալցխա, որովհետև ի վիճակի չէին երկար դիմադրել քաղաքից հեռու գտնվելու պատճառով։
Թուրքերը այս գյուղերը հրդեհեցին։
Ախալցխայի գավառում հայ-վրացական համագործակցության փայլուն էջերից է նաև Մուսխի արշավանքը, որը տեղի ունեցավ մայիսի 2-ին։ Վրացական Մուսխ գյուղը գտնվում էր թուրքական տասնյակ