պատկանում են սարմատական-սկյութական ծագում ունեցող Շարայան ցեղերին…
Վերոհիշյալ գիտնականներն անտեսելով Մ. Խորենացու կողմից «Գուգարք» տեղանվան ծագման մեկնբանությունը, արտահայտում են իրենց միտումները։ Ա. Շանիձեն հետապնդում է մի նպատակ «Գուգարք» տեղանվանը տալ վրացական ծագում։ Մ. Սյուզյումովն էլ իր հերթին այդ անվանումն այս կամ այն կերպ կապում է Ռուսաստանի հետ։ Ինչ-որ չափով կարելի է հասկանալ նաև Գ. Ղափանցյանին։ Վերջինս համամիտ էր Շանիձեի հետ, որովհետև հետևում էր Ն. Մառի առաջ քաշած «Հաբեթական տեսությանը և դրա ակտիվ ջատագովն էր։ Իսկ Հ. Մանանդյանն ու Ն. Ադոնցը հայերի եկվորության կողմնակիցներն էին։ Այսինքն հայերի հայկական լեռնաշխարհում հայտնվելուց առաջ «Գուգարք» տեղանունը եղել է…
Այժմ, չընդդիմանալով Մ. Խորենացու տեսակետին, կփորձենք հայտնել մեր տեսակետը որպես այլակարծություն։
Ըստ իս, «Գուգարք» տեղանունն ունի հնդեվրոպական, իմա հայկական ծագում և կազմված է «գոգ» եւ «արք» բառերից։ Ըստ ՆՀԲ-ի եւ Հր. Աճառյանի «Արմատական բառարանի» «Գոգ» բառը նշանակում է «գոգավորություն», «փոս»։
Հենց այս դեպքում «Գուգարք» («Գոգարք») տեղանվան «գոգ» բաղադրիչը գործածվել է «գոգավորություն», «փոս», «փոր» իմաստով։ Ինչպես գիտենք, Հյուսիսային Հայաստանում Գուգարքում և Տայքում բազմաթիվ տեղանուններ կան, որոնք վերջանում են «փոր» բառով, որը գործածվում է «ձոր», «փոս» իմաստով (Ձորափոր, Կողբափոր, Ծոբափոր, Բերդացփոր և այլն)։
«Գոգ» բառով կազմված տեղանուններ Հայկական լեռնաշխարհում (վերևում Գ. Ղափանցյանի թված տեղանուններից բացի) կան նաև Ջավախքում Գոգաշեն գյուղը գավառի հյուսիս֊արևմուտքում, Կոգիա գյուղը հյուսիս-արեւելքում։
Ընդհանրապես, նահանգում կան բազմաթիվ ընդարձակ գոգավորություններ։ Բարդության մյուս բաղադրիչը («արք») «այր» (մարդ) բառի հոգնակի ձևն է «այր+ք=մարդիկ» (Տես՝ ՆՀԲ և Հր Աճաոյան «Արմատական բառարան»)։ «Գոգայ+արք», այսինքն գոգի (գոգավորության) մարդիկ («գոգ» բառի սեռական հոլովի ա-ն բառաբարդացման ժամանակ հանդիպելով բառի երկրորդ բաղադրիչի արքի ա-ին ընկել է), գոգի մարդկանց երկիր»։