16-ին պարտության մատնեցին բազմաքանակ թշնամուն, որի շարքերում կռվում էին օսմանյան բանակի զինվորներ ու սպաներ։ Նույն օրը հայկական հետեւակային եւ հեծյալ գումարտակները, հայկական գյուղերի ջոկատները եւ վրացական գումարտակը գեներալ Մաղաշվիլու ընդհանուր հրամանատարությամբ (շտաբի պետը Հաճի Լեւոնն էր) ջախջախելով Ուրավելի ենթաշրջանի թուրքական գյուղերի զինված ուժերին, ազատագրեցին վրացական Մուսխ գյուղը եւ բնակչությանը տեղափոխեցին ապահով վայը։
Չնայած դաժան շրջափակմանը, քաղաքում եւ գյուղերում անխափան գործում էին դպրոցները, թատերական խմբերն ու նվագախմբերը, պարբերաբար լույս էր տեսնում Դաշնակցության «Շարժում» թերթը։ Կյանքն ընթանում էր բնական հունով…
Ցավոք, չնաված այս փայլուկ հաղթանակներին, հունիսի 4-ին, Բաթումում կնքված «Խաղաղության եւ բարեկամության դաշինքով» Վրաստանի կառավարությունը Թուրքիային հանձնեց նաեւ Ախալցխայի գավառը։
Թուրքիայի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, հաշվի նստելով Ախալցխայի հզոր ուժի հետ, ինչպես հավասարը հավասարի, բանակցությունների նստեցին եւ հունիսի 6-ի պայմանավորվածության համաձայն, Զորի Զորյանը եւ ամբողջ քաղաքային վարչության կազմը վերահաստատեցին իրենց պաշտոններում։ Բնակչությունը չգաղթեց։
Իրադարձություններն Մխալցխայում անհանգստացրին նաեւ Ախալքալաքի գավառի հայերին, որոնք մտահոգված էին հայրենակիցների ճակատագրով։ Ախալքալաքցիներին սպառնում էին Չլդըրի, Աղբաբայի շրջանների թուրքերը եւ Ախալքալաքի գավառի 24 թուրքական գյուղերը։
Ախալքալաքի քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ ստեղծված Պաշտպանության ժամանակավոր կոմիտեի կոչով դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին գավառի 5000 հայ երիտասարդներ հավաքվեցին Ախալքալաքում կամավորական գնդին անդամագրվելու նպատակով։ Սակայն, ցավոք, այդ նվիրյալ տղաներից միայն 2000-ին ընդգրկեցին գնդում, այն դեպքում, երբ գավառի բնակչության 76 տոկոսը կազմող 85000 հայությունից կարելի էր ստեղծել 8–10 հազարանոց զինված ուժեր, որի կարիքն այնքան շատ էր զգում նահանջող փոքրաթիվ հայկական բանակը։ Դա կարող էր ունենալ վճռական նշանակություն հօգուտ հայության։