Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Նրանք գտնում են, որ Սաթխայի ամրոցն իր շրջապատով Կուր-Արաքսյան մշակույթի կարեւոր կենտրոններից է եղել։

Սաթխայի ամրոցը, որն այժմ ավերակ է, զբաղեցնում է հսկայական տարածություն: Միայն միջնաբերղը, որ կառուցված է յոթ բլուրների վրա, զբաղեցնում է 10 հեկտար տարածություն, իսկ պատերի հաստությունը ամենուրեք ուղիղ 4 մետր է։ Բերդի արտաքին պարիսպները, որ տարածվում են միջնաբերդից դեպի արեւմուտք, եւս զբաղեցնում են 10 հեկտար տարածություն, ընդհանուրը մոտ 20 հեկտար։

Բերդն ունեցել է երկու դարպաս՝ հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան։ Բերդի ներսում ու դրսում, բլուրների լանջերին գյուղացիները շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են բազմաթիվ դամբարաններ զանազան իրերով ու առարկաներով, որոնք չեն պահպանվել:

Ինչպես պատմում են տեղաբնակները, երբ նրանց նախնիները 1830 թվականին Էրզրումից գալով, բնակություն են հաստատել գյուղում (ի դեպ, այդ ժամանակ գյուղում եղել են նաեւ քաղկեդոն հայ բնիկներ Դեդյան-Մարոյան, որոնք ձուլվել են Էրզրումցիների մեջ), այդ ժամանակ ամրոցի պարիսպները եղել են մարդու հասակի բարձրության։ Սակայն գյուղացիները տներ կառուցելու համար կտրել-տարել են կիկլոպյան ամրոցի պարիսպների հսկայական չափերի հասնող քարերը։ Այժմ հիմնականում պարիսպների հիմքերն են մնացել…

Երվանդ Լալայանը 19-րդ դարի վերջին լինելով Սաթխայում, գյուղացիների վկայությունների հիման վրա բերդն անվանում է Սուկերլաթ, իսկ գյուղի անվանումը ծագեցնում է ինչ-որ Սաթղ աղայի անունից: Այս կապակցությամբ նա գրում է. «Առաջինի (նկատի ունի հարավ-արեւելյան դարպասը - Ա.Ս.) կամարի վրա եղած է արձանագրություն, սակայն գյուղացիները պոկել են այդ քարը եւ եկեղեցու շեմքի առջեւ ձգել, այնպես որ արձանագրությունը չի երեւում։ Գյուղացիներն ասում էին, թե այդ արձանագրությունը կարդացողներն ասել են, թե այստեղ նշանակված է բերդի հիմնարկության տարին, որ իրենք չէին հիշում, անունը Սուկերլաթ տերը Ամբակում իշխանը» (Ե. Լալայան, Երկեր, հ.1, Եր., 198թ.., էջ 61)։

Ինչպես տեսնում ենք, ականավոր հնագետն այդ արձանագրությունը ոչ միայն հնարավորություն չի ունեցել անձամբ կարդալու, այլեւ տեղեկությունն ստացել է ոչ անմիջապես կարդացողից…

Բարեբախտաբար 1994թ. մայիսին գյուղի Ս. Մեծն Ներսես եկեղեցու