Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը մշակված է երկաթե գործիքներով։

Անչափ ուշագրավ է Կարմրավանք եւ Ավրանլո գյուղերի միջեւ դաշտում կանգնեցված կնոջ երկու մետրանոց բազալտե հսկա արձանը: Կնոջ թեւերը կրծքի վրա են, որոնցով պահում է գլխաշորը, դեմքը հարթ է, աննշան նշմարվում են աչքերը, քիթ եւ բերան չեն քանդակված կամ գուցե հետագայում հողմահարվելու հետեւանքով անհետացել են: Ըստ իս, դա Մեծ Մոր (նախամոր) արձանն է, որի մոտ մեր հեթանոս նախնիները հազարամյակներ առաջ կատարելիս են եղել մոգական ծիսակատարություններ՝ կապված անձրեւ բերելու եւ ջրի պաշտամունքի հետ։ Դա, իմ կարծիքով, հնդեվրոպական ցեղերի ընդհանուր Նախամոր Անահիտ աստվածուհու արձանն է, որին այնուհետեւ շարունակել են պաշտել հայերը եւ իրանական ժողովուրդները։ Նման եւ որոշ տարբերություններով Մեծ Մոր արձաններ շատ կան Հայկական լեռնաշխարհի ուրիշ շրջաններում եւս, ինչպես նաեւ հարեւան երկրներում, օրինակ՝ Փոքր Ասիայում։ Կնոջ արձաններ գտնվել են նաեւ Միջին Ասիայում, Սիբիրի հարավում, Ուկրաինայում։ Ինչպես վիշապաքարերը (ընդհանրապես կենդանիների քանդակներով քարակոթողները), ժայռանկարները, այնպես էլ կանանց քարակոփ արձանները տարածված են այն վայրերում, որտեղով Թ. Գամկրելիձեի եւ Վ. Վ. Իվանովի նոր տեսության համաձայն, անցել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակից սկսած իրենց նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից արտագաղթած հնդեվրոպական ցեղերը, որոնք եւ իրենց հետ հավանաբար սայլերով տարել են իրենց ցեղերին պատկանող պաշտամունքի (մշակույթի) հուշարձանները կամ իրենց նոր հայրենիքներում կերտել են նախահայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի տիպի հուշարձաններ։