Ըստ իս, այն ոչ թե մենհիր է, այլ վիշապ, այն էլ՝ ձկնաձեւ։ Այս եզրակացության եկել եմ մանրամասն ուսումնասիրելուց հետո (սակայն առանց պեղելու...): Իմ կարծիքով, հսկա «ձուկը» կանգնեցված է ոչ թե պոչի վրա, այլ գլխիվայր... Հավանաբար ինչ-որ ժամանակ այն ընկել է (կամ գցել են), որից հետո սխալ է կանգնեցվել: Ի՞նչն է տեղիք տալիս նման ենթադրության։ Նախ, քարը լավ է մշակված, որը հատուկ չէ մենհիրներին։ Հուշարձանը նման է ձկան մարմնի։ Ներքեւում, գետնին մոտ, լայն է, վերեւում հետզհետե նեղանում է, իսկ վերջում մնացած մոտ 0.5 մ աստիճանաբար լայնանում է եւ վատ է մշակված, իսկ «գագաթը» հարթ է եւ բավականին լայն, որը, ըստ իս, արված է հուշարձանը «պոչի» վրա ապահով կանգնեցնելու համար: Այո, հեռվից մի պահ թվում է, թե իսկապես հուշարձանի գագաթը ջարդված է, ինչպես կարծում է Լ. Մելիքսեթ-Բեկը։ Բայց իրականում, ինչպես ասվեց, այդ «գագաթը» հուշարձանի «պոչն» է, ոչ թե «գլուխը»...
Այս մշակված քարակոթողի վրա անպայման կլինեն նաեւ քանդակներ, որոնք, ցավոք պետք է նշել, որ մնացել են հողի մեջ։ Նման, հազարամյակներից եկած, ջրի պաշտամունքը մարմնավորող հուշարձան կա նաեւ Ղզլքիլիսայի (Կարմրավանքի) յայլայի մոտ 3 կմ դեպի Տապաձղուրի տանող ճանապարհի ձախ եզրին: Կոթողը թաղված է հողի մեջ։ Այն քառակողմ է՝ յուրաքանչյուր կողմը մոտ 50 սմ, գագաթը հարթ է, որից 0.5 մ ցած քանդակված է ցուլի գլուխ, որի մի մասը հողի մեջ է, այն բարձրաքանդակ է: Ուրիշ քանդակներ չեն երեւում։ Հուշարձանը նման չէ որեւէ սովորական վիշապաքարի, սակայն ցուլի գլխաքանդակը ստիպում է մտածել, որ այն ավելի ուշ ժամանակների վիշապաքար է