Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թանգարանի դիրեկտոր, տեղի միջնակարգ դպրոցի պատմության նախկին ուսուցիչ, Հայկ Պոպովյանը, բացելով մուտքի դուռը, միացնում է կոմիտասյան երաժշտությունը։ Մեղեդին տարածվում է սրահում եւ հիշողության ցավից հուզվում են ներկաները։

Այստեղ անկարող եմ չհիշել մի միջադեպ եւս, որ կատարվեց նույն գյուղում։ Գյուղամիջում հանդիպեցինք մի շատ համակրելի երիտասարդի՝ մշակույթի տան ավագ կինոմեխանիկ Մարտիրոս Բաբախանյանին։ Վերջինս, իմանալով շրջագայության նպատակը, մեզ հրավիրեց կինոդահլիճ, ուր դիտեցինք «Դոնի հողում» կինոֆիլմը։ Դա մի վավերագարական ժապավեն էր՝ նվիրված Դոնի հայության պատմական անցյալին ու լուսավոր ներկային։ Թոփտի գյուղի Ս. Լուկաշինի անվան կոլտնտեսությունը Մյասնիկյանի շրջանի առաջավոր տնտեսություններից է, տարեկան ստակում է 6 հազար տոննայից ավելի հացահատիկ, այլ գյուղմթերքներ։ Թոփտին հայրենիքին տվել է բազմաթիվ կուսակցական, զինվորական եւ արվեստի գործիչներ։ Ս. Լ. Լուկաշին, Պ. Միմոնյան («Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր), Գ. եւ Ե. Չուբարյաններ, Ի. եւ Ն. Այդինյաններ, Փ. Թերլեմեզյան, Մ. Պեգվիլանովա (Փահլեվանյան) եւ ուրիշներ։

Մեկնում ենք Մեծ Սալա։ Այս գյուղի մոտ 1941-ի նոյեմբերի 21-ին հերոսաբար ընկել են 16 խիզախ հրետանավորներ, որոնց մարտկոցի հրամանատարն էր թբիլիսահայ քաջորդի Սերգեյ Օհանյանը, կոմիսարը Սերգեյ Վավիլովը, որոնք էլ ետմահու արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։

Ծաղիկներ ենք դնում գյուղի հարավային մասում, պուրակի մեջ հրետանավորների պատվին կանգնեցված հուշակոթոդի պատվանդանին։ Պուրակից դուրս գալիս, հիվանդանոցի դռան մոտ ծանոթանում ենք մի տարեց կնոջ հետ Սիրանույշ Բոստանջյան։ Կես դար է աշխատում է հիվանդանոցում, սիրով պատմում է մեզ հրետանավորների մասին, որոնց ինքը մայրաբար ճաշ էր տանում, լվանում շորերը, կապում վերքերը…

Բերբեր-օբա Կուրգան։ Ինը տարի առաջ, հաղթանակի օրը այստեղ բացվեց Դոնի պաշտպանների հիշատակն անմահացնող հուշահամալիրը։ Ես վերստին դուրս եմ բերում ծոցատետրս ու արտագրում ազգանունները Ս. Օհանյան, Ֆ. Ահմեդով, Գ. Կորսունով, Վ. Տկաչենկո… Արտագրում եմ ու մտածում, թող գալիք բոլոր սերունդները պատերազմը ճանաչեն թանգարաններով, հուշարձաններով, կինոժապավեններով…