Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր զորքերի կողմից վերածվեց ստորգետնյա ամրոցի; Այստեղ քաջաբար մարտնչել են նաեւ հայորդիները, այդ թվում մեր հայրենակիցներ Ակենտ Նանյանը, Հովհաննես Համբարյանը, Հայկազ Կարապետյանը, Աղվան Ղազարյանը, Իշխան Պողոսյանը եւ ուրիշներ։

Հետաքրքիր եւ ուսանելի շատ բան էր սպասվում իմ որդիներին (նրանք երեքն էլ պիոներ են) Ղրիմում։ Հիշում են, որ այստեղ 89-րդ հայկական դիվիզիայի երեք զինվորներ (Հունան Ավետիսյանը, Ջահան Կարախանյանը, Սուրեն Առաքեյանը) արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ 1943 թվականի սեպտեմբերի 16-ին Դոլգայա լեռան գրոհի ժամանակ Հունան Ավետիսյանը մարմնով փակեց թշնամու կրակակետը կրկնելով Ալեքսանդր Մատրոսովի հերոսական սխրանքը։ Երեխաներիս տեղեկացնում եմ, որ դիվիզիայի շարքերում խիզախաբար մարտնչել են նաեւ իմ համագյուղացիները Աշոտ Խնկոյանը, Հայկազ Ջաղացպանյանը, Խաչիկ Մեհրաբյանը, Տիգրան Դուշուկյանը եւ ուրիշներ։

Հետո լինում ենք Կերչում ու Թեոդոսիայում, Սեւաստոպոլում։ Հուշարձաննե՜ր, հուշարձաննե՜ր, թանգարաննե՜ր։ Շրջում ենք, պատվանդաններին ծաղիկներ դնում, երեխաներս երկյուղածությամբ ու հետաքրքրությամբ ծանոթանում են մարտական փառքի թանգարանների ցուցանմուշներին, եւ ես մեկընդմիշտ խորհում եմ, որ թող պատերազմին ու նրա բերած արհավիրքներին գալիք սերունդները ծանոթանան թանգարանների միջոցով…

… Ճանապարհորդությունը մեզ հասցնում է Դոնի Ռոստով։ Առավոտյան գնում ենք Նոր Նախիջեւան (այժմ Ռոստովի Պրոլետարական շրջանը), ապա ուղեւորվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որն այժմ վերածվել է հայ եւ ռուս ժոդովուրդների բարեկամության թանգարանի։

Տասնութերորդ դարում ղրիմահայերի Դոնում վերաբնակելու ժամանակ, Նոր Նախիջեւանի մոտ հիմնադրվել են հայկական հինգ գյուղեր Չալթր, Թոփտի (Դրիմ), Մեծ Սալա, Փոքր Սալա եւ Նաիստա։

Դրանք այժմ բարգավաճել են եւ վերածվել են ութի (հիմնվել են Լենինավան, Լենինական եւ Կարմիր Ղրիմ գյուղերը)։

Թոփտի չմտած, ձորի պռնկին վեր է խոյանում մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը մայրը իր երկու զավակներով։ Հուշարձանի ետեւում թանգարանն է, որի կիսաշրջանաձեւ սրահում փակցված են թոփտեցի 336 զոհվածների լուսանկարները (գյուղից պատերազմ են մեկնել 610 հոգի)։