- ՎԵՐԱԴԱՐՁ
Օստրավացիների հետ երեք օր շնչեցինք նրանց քաղաքի ծխոտ օդը: Օստրավան Չեխոսլովակիայի երկաթե սիրտն է։ Այնտեղ են գտնվում հանրապետության մետաղամշակման հսկա գործարանները, հիմնական ածխահանքերը։ Եթե Պրագայում ամենուր աշտարակներ են, ապա Օստրավայում՝ ծխնելույզներ։ Դրա համար էլ այստեղ ամեն ինչ սեւ է: Սեւ քող են հագել ծառերը, խոտերը, տանիքները։ Քաղաքը կիսում է սեւ-սեւ գետը՝ մազութոտ ջրով։
Այստեղ է մշակվում Սովետական Միությունից ստացված երկաթը, որը Չեխոսլովակիայում մշակվող երկաթի 70-80 տոկոսն է կազմում։
Եթե Չեխոսլովակիա գնալիս գիշերն էինք անցել Սլովակիա, ապա վերադարձին մեր առջեւ փռվել էր լեռնոտ ու անտառապատ այդ չքնաղ երկիրը՝ արեւի պայծառ շողերի տակ։
... Վրացի աղջիկները մեր կուպեն են բերում երկու հայի։ Նրանք սկզբում կարծել էին, թե վրացիների են հանդիպել, բայց երբ հարցրել էին նրանց ազգությունը հպարտությամբ պատասխանել էին, որ հայեր են։
Նրանք հայր եւ որդի էին։ Վերադառնում էին Չեխոսլովակիայից։ Ուկրաինական Չոպ քաղաքից էին։ Դարեր առաջ նրանց պապերը Հայաստանից էին գաղթել այնտեղ։ Նրանք արդեն վաղուց մոռացել էին հայերենը, խոսում էին հունգարերեն։ Չեն պահել ազգային սովորություններն ու անունները, բայց հոգեպես իրենց հայ են զգում։
Հոր եւ որդու դեմքերը թուխ էին, դիմագծերը հայկական: Նրանց մեջ կար մի փոքրիկ տարբերություն՝ որդին ավելի շատ էր հայ, քան հայրը, որովհետեւ նա ծանոթ էր իր հայրենիքի հնամյա պատմության եւ շատ բան գիտեր Հայաստանի փառավոր անցյալի եւ պայծառ ներկայի մասին։
Գնացքը նորից սլանում է լայնատարած տափաստաններով:
Դրսում Ուկրաինան է: