ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՆԱՎԻ ՎՐԱ
Նավը լիքն էր Անգլիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից եկած զբոսաշրջիկներով։ Մենք նոր էինք բարձրացել տախտակամած, երբ նա շարժվեց՝ ակոսելով գետի պղտոր ջուրը[1]։
Խումբ-խումբ երիտասարդները երգում էին, պարում, ծանոթանում միմյանց հետ։
Այդ ընդհանուր ժխորի մեջ մեր ականջին են հասնում ռուսական ծանոթ երգի հնչյունները։
Մոտենում ենք նրանց մոսկվացի, իրկուտսկցի, ալմա-աթացի զբոսաշրջիկներից կազմված մեծ խմբին։ Մենք էլ ենք միանում նրանց եւ ավելի բարձր ու հաղթական է հնչում «Համաշխարհային երիտասարդության հիմնը», «Մերձմոսկովյան գիշերներ» եւ այլ երգեր։
Մեր խմբին է մոտենում բարձրահասակ փոքրիկ մորուքով մի երիտասարդ, ֆրանսերեն բարեւում մեզ, լսելով մեր երգը՝ գոհունակությամբ ժպտում.
− Խորոշ, խորոշ...
Զգում Եմ, որ նա մեծ ցանկություն ունի մեզանից որեւէ մեկի հետ խոսելու...
Մենք խոսում ենք իրար հետ ժեստերի լեզվով, որին օգնության են գալիս մեր գիտեցած ընդհանուր բառերը։
Անունը Ժոլի Ժակ է, իսկ արտասանած «կոմունիստ», «Յումանիտե», «պուբլիցիստ» բառերից հասկանում Եմ, որ Ժոլի Ժակը կոմունիստ է։ Նա աշխատում է Ֆրանսիայի կոմկուսի օրգան «Յումանիտե» թերթում որ¬պես հրապարակախոս։
Փոխադարձաբար ներկայանում եմ նրան եւ իրար ետեւից թվում «ՍՍՀՄ», «Վրաստան», «հայ», «մանկավարժ», «կոմունիստ» բառերը։
− Ա՜... հա՜յ... մեզ մոտ շատ...,– կես ռուսերեն, կես ֆրանսերեն ասում է նա եւ ավելացնում,– Գաղզու (Գառզու), Շառլ Ազնավուր, Մարկ Արյան, Ռոզի Արմեն...
- ↑ Վլտավա գետում՝ մեր ՉԵխոսլովակիա գնալուց մի քանի օր առաջ, նավակով ընկերներին օգնություն ցուցաբերելիս, խեղդվել էր Հայաստանի երիտասարդ զբոսաշրջիկների խմբի ղեկավարը՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի քարտուղար Հենրիկ Բադալյանը...