Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդին Գուրգենը. թոռան Բագրատ Գ-ի միջոցով կխլի իրենից թագավորությունը. դիմել էր Դավիթ Կուրապադատի օգնությանը. Ս. Ա.) առաքեն առ թագավորն Հայոց Սմբատ (Տիեզերակալ) կոչել յօգնականութիւն իւրեանց։ Եւ նորա առեալ զամենայն զօրս Հայոց եւ զԳագիկ զեղբայր իւր գնայ առ նոսա ի գաւառն Ջավախաց, եւ բանակին ի գիւղն, որ կոչի Դլիվեկն, եւ մանուկն Աբաս թագաւորն կարուց կարմրազգեստ զգունդն իւր ունելով: Եւ ամենայն զօրն վրաց եւ Վասպուրականի, Սիւնեաց եւ Աղուանից (նկատի ունի Գուգարքի Կյուրիկյան Հայոց թագավորությունը- Ս. Ա.) իշխանքն միահաւաք լինէին ընդդեմ Ափխազաց զօրուն։ Որոց երկուցեալ զխադաղութիւն խնդրեն եւ սէր հաստատեն առ միմեանս»։ Ի դեպ, այստեղ Դլիվեկում (Դիլիֆ) հաշտության դիմաց ափխազաց թագավորը Սակուրեթ (Ածկուր) բերդը զիջեց Հայոց Սմբատ թագավորին։ Սակայն, այն, պայմանավորվածության համաձայն, Սմբատ Տիեզերակալի մահից հետո, 990 թ. նորից անցավ ափխազա-վրաց Բագրատ Գ թագավորի գերիշխանությանը։

Ջավախքի Դլիվեկ գյուղը, որը վերոհիշյալ իրադարձությունների ժամանակաշրջանում Հայաստանի կազմում էր, ժամանակակից Դիլիֆ գյուղն էր, որը կասկած չի հարուցում։ Այդպես է գտնում նաև ակադեմիկոս Հ. Մանանդյանը. «Դավիթ Կյուրապաղատի եւ Հայոց Սմբատ թագավորի զորքերը գալով Ջավախք Գանլիճայի մոտով բանակել էին այստեղ Դլիվեկ գյուղում, որը, հավանորեն, Ախալքալաքի հարավկողմում գտնվող այժմյան Դիլիֆ գյուղն է», - գրում է նա։

Գյուղը «Դլիվ» ձևով հիշատակվում է նաև 1595 թ. կազմված «Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարում»։ Այն նշված է Քանարբելի շրջանի Չալդիրի լիվայի գյուղերի շարքում։ Գյուղն այդ ժամանակ ուներ 7 հարկատու (175 բնակիչ) անվանապես 1. Օսփարա, 2. Պետրե. 3. Մամիաս, 4. Զալան, 5. Քիրիա, 6. Բայանդուր, 7. Գուլա։ Գյուղի այս հարկատուների (ընտանիքների գլխավորները) անուններից կարելի է ենթադրել, որ գյուղն այդ ժամանակ, հավանաբար, ուներ հայ եւ վրացի խառը բնակչություն (սա թերեւս Ջիկիայի կողմնակալ ուսումնասիրության արգասիքն է…)։ «Դավթարում», Դլիվի մերձակայքում նշվում են նաեւ ուրիշ գյուղեր Շուաթուբան (այս գյուղատեղին ժողովուրդն անվանում է «Շահ-Թումանի խարաբա»։ «Շուաթուբան» անվանումն, ըստ իս, թուրքերենից վրացերեն թարգմանելիս նրբորեն վրացացվել է), որը գտնվում է Փ. Գոնդուրայից (պաշտոնական Փ, Գոնդրո) մեկ կմ արեւմուտք, Վարդիսուբանի (գյուղատեղին Մեծ Գոնդուրայից (պաշտ. Մ. Գոնդրո) 2 կմ արեւմուտք է գտնվում). Սակուդրա, որը ենթադրվում է, որ ժամանակակից Մ. Գոնդրիո (Կոնդուրա. Գյոնդուրա) գյուղի տեղ