Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
XVII Դ. ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅ ԽՈՋԱՆԵՐ
ՊԵՏԻԿ (ՊԵՏՐՈՍ) ԵՎ ՍԱՆՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ


Հայ վաճառականությունն անգնահատելի դեր է կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ Առաջավոր Ասիայում և աշխարհում ընդհանրապես, և ներքին, և արտաքին առևտրի զարգացման գործում։ Այժմ փորձենք ներկայացնել մի ժամանակաշրջան, երբ հայ առևտրականները հսկայական գործունեություն են ծավալել միջազգային առևտրի ասպարեզում։

1453 թ. Կոստանդնուպոլիսը թուրքերի կողմից գրավելուց հետո Սիրիայի Հալեպ քաղաքը դարձավ այն առևտրական հանգույցը, որտեղ առևտուր էին անում և եվրոպացի, և ասիացի առևտրականները։ Հալեպում էին կատարում իրենց առևտրական գործարքները Վենետիկի, Անգլիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների առևտրականները։ Նրանք այստեղ էին փոխանակում իրենց մահուդն արևելյան ապրանքների հետ։ 16-րդ դ. առաջին կեսին Հալեպում և այլ քաղաքներում հաստատվեցին եվրոպական երկրների առևտրական մնայուն գործակալություններ, որոնք օգտվում էին հիմնականում հայ խոջաների (16–18 րդ դդ. հայ վաճառական) միջնորդությունից։ XVI դ. Հալեպը հայերեն ձեռագրերում հորջորջվում է «մեծ մայրաքաղաք» և դասվում է Արևելքի խոշորագույն շուկաների շարքում։ Հալեպի հայ խոջաները բոլորից շատ կապված էին Վենետիկի հետ։ Ֆրանսիայի մետաքսյա գործվածքների արդյունաբերությանը հումք հայթայթոդ խոշոր գործակալները հայ խոջաներն էին, որոնք Իրանի և Սիրիայի հում մետաքսը տանում էին Ֆրանսիա։ Առաձնապես այդ բնագավառում նրանք չունեին հավասար մրցակից։

Հալեպի հայ խոջաները աշխույժ առևտուր էին անում նաև Հոլանդիայի հետ։ Պահպանվել է դեպի Հոլանդիա հում մետաքս արտահանելու վերաբերյալ մի համաձայնագիր, որը կազմվել է 1616 թ. Ամստերդամում, մի կողմից «ֆլաման ազգի բանագնացների» և մյուս կողմից հալեպահայ նշանավոր խոջաներ Պետիկ և Սանոս եղբայրների միջև։ Ըստ համաձայնագրի խոջա Պետիկը (Պետրոս) հանդես է գալիս որպես Հոլանդիայի թագուհու էմինը, այսինքն նրա առեւտրական գործերի ներկայացուցիչը Հալեպում։ Խոջա Պետիկը ոչ միայն Հալեպի, այլև ողջ Սիրիայի մաքսապետն էր։ Նրանից կախում ունեին նաև Տրիպոլիի և Ալեքսանդրեթի մաքսատները։ Նկատի ունենալով խոջա Պետիկի հարստությունն ու ազդեցությունը, Սիմեոն Լեհացին նրա մասին գրում է, որ նա «որպես փաշա մի շրջեր»։ Խոջա Պետիկը դառնում է բանսարկության զոհ։ Սուլթանի հրամանով XVII դ. 30 ֊ ական թ. թ. Հալեպի բանտում նա գլխատվում է (տես, ՊԲՀ, 1985 թ. 93, էջ 111)։