Իսկ նախաքարթվելական լեզվի տարածման շրջանը (այս անգամ ոչ «մոտավոր») քառապատկվել է իր ընդգրկմամբ եւ զբաղեցնում է մի հսկայական տարածություն Մեծ Կովկասի հյուսիսից մինչեւ Վանա եւ Ուրմիա լճերը, Սեւ ծովի ափերից մինչեւ Կուր գետը արեւելքում: Սեւանա լիճը միանգամից հայտնվել է նշված տարածքի ուղիղ կենտրոնում:
Այնպես որ, գրքի նախկին քարտեզում «ազատ» մնացած տարածքներն ամբողջովին զբաղեցված են նախաքարթվելական ցեղերով, որոնք Հայկական լեռնաշխարհի «նախատերերը» հետագայում (թեկուզ Ստրաբոնի ժամանակներում) թե ո՞ւր են անհետացել, ափսոս, հայտնի չէ… Նախահայկական եւ նախաքարթվելական ցեղերն ու նրանց հետնորղները իրար հետ հազարավոր տարիներ շփվել են Կուր գետի ափերին։ Կուր գետից հարավ նախաքարթվելներն ու նրանց հետնորդները նախահայրենիք կամ ընդհանրապես հայրենիք չեն ունեցել, այստեց նրանք միշտ եղել են փոքրաքանակ եկվորներ։ Թող իգուր չփորձեն յուրացնել ուրիշների նախահայրենիքն ու հայրենիքը…
Ըստ նոր տեսության, երբ Ք.ա. չորրորդ հազարամյակից սկսած, հնդեվրոպական ցեղերը հեռացան իրենց նախահայրենիքից, «ենթադրվում է, որ նախահայրենիքին բոլորից մոտ մնացին այն ցեղերը, որոնք խոսում էին անատոլիական լեզուներով (խեթական, լուվիական եւ այլն), ինչպես եւ հայերեն լեզվով պատմական Հայաստանի տարածքներում…»։
Ս. Օրլովայի հոդվածից կատարած մեր այս մեջբերումից պարզ տեսանք, որ հայախոս ցեղերը մնացին պատմական Հայաստանում, իսկ թե ո՞րն էր պատմական Հայաստանը, կարծում եմ, պետք է գիտենան նաեւ վրացի դպրոցականները…
Ուրիշները մեր տարածքների հաշվին պետություն ու պատմություն են կերտում, իսկ մենք լռում ենք…