Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանց: Թշնամու չորս տանկ սկսեցին մոտենալ Իսունովի վնասված տանկին, կարծելով, թե անձնակազմը սպանված է։ Հանկարծ անսպասելի շրջվեց սովետական տանկի աշտարակը, ու Իսունովը հրանոթային կրակով այրեց գերմանական երկու տանկ, և, օգտվելով խառնաշփոթից, դուրս եկավ մարտի դաշտից։

Գերմանացիները, մոտենալով գյուղի եզրին, փորձեցին անցնել պաշտպանության։ Բայց այդ ժամանակ իր տանկով գյուղ ներխուժեց գումարտակային կոմիսար Գրիշինը, տրորեց թշնամու հետևակը, այրեց երկու տանկ, ճզմեց մեկ թնդանոթ...»:

Սահրադյանը հանկարծ նկատեց, որ գումարտակի կոմիսար Գրիշինի տանկը բոցավառվեց: Նա Գրիշինին հրամայեց անմիջապես դուրս գալ տանկից, բայց վերջինս, դուրս գալու փոխարեն, գնդացրով սկսեց հնձել նահանջող թշնամու զինվորներին։ Այդ ժամանակ պայթեց տանկը, եւ Գրիշինը զոհվեց։

Մի ակնթարթ կորցնելով ինքնատիրապետումը, Սահրադյանը բացեց իր տանկի լյուկը և գոռաց. «Մարտից դուրս բերել կոմիսարին»։ Հենց այդ պահին նա ծանր վիրավորվեց...։ Սահրադյանը մահացավ սանիտարի ձեռքերի վրա, շարունակ կրկնելով՝ «Ինչպիսի՜ քաջն էր մեր կոմիսարը...»։

Իսկ հետո պարզվեց, որ երեք ժամ տեւած տանկային մարտում գերմանացիները գյուղի մոտ կորցրել են 18 տանկ, հակատանկային 4 մարտկոց և մեծ թվով հետևակայինների։ Մերոնք կորցրել էին 6 տանկ: - Բայց ամենամեծ կորուստը Սահրադյանի և Գրիշինի զոհվելն էր։ Մարտից առաջ նրանք ասում էին՝ «Քանի կենդանի ենք, գերմանական տանկերը չեն անցնի»։ Եվ երեկոյան, երբ նրանց թաղում էին Վոլոկոլամսկի խճուղու մոտ գտնվող գյուղում՝ ընկածների փոխարեն նոր մարդիկ էին կանգնած նոր հրամանատարներ, եւ կրկնում էին նույն խոսքերը։ Տանկիստները նրանց գերեզմանի մոտ երդվեցին դիմադրել թշնամուն, չնահանջել ոչ մի քայլ»: