Ծիծաղ, աղաղակ, երգ գնչուների,
Արջի գոռոցը, նրա շղթաների
Անհամբեր շարժումն ու շխկշըխկոցը,
Ձորերի պայծառ, նախշուն գոյները,
Ծերերի, մանկանց մերկութիւնները,
Պարկապըզուկի, սայլի ճռռոցը —
Բոլորն անկարգ է ու աններդաշնակ,
Բայց այնքան ուրախ, կենդանի, արձակ,
Այնպէս օտար է մեր մեռած կեանքին,
Ինչպէս ստրուկների տաղտկալի երգին։
Երիտասարդը աչքը գըցում է
Դեպ ամայացած տխուր դաշտերը,
Բայց նա բացատրել համարձակւում չէ
Իրա տխրութեան գաղտնի պատճառը։
Նրա հետ է նըրա թուխաչ Զէեմֆիրան։
Հիմա նա ազատ բնակիչ է երկրի
Ու միջօրէի արևըն անգամ
Նայում է այնպէս պայծա՜ռ, դուրալի՜.
Բայց ինչո՞ւ նըրա սիրտը դողում է
Ի՞նչ հոգս է արդեօք, որ նրան ճնշում է.
Անհոգ թռչունն աշխատում է
Առանց հանգիստ ողջ օրեր.
Բայց իր համար նա կարում չէ
Մի մշտական բոյն հիւսել։
Ննջում է նա ծառի ոստին,
Բայց երբ արևն է ծագում,
Նա ունկնդիր Տիրոջ ձայնին—
Թափ է գալիս ու երգում։
Հրաշագեղ գարնան ետևից
Այրող ամառն է շտապում