Jump to content

Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18

Ձմեռւայ մըրրիկը սուլում, մռընչում,
Նրանք գազանի մորթու հագուստը
Այդ սուրբ ծերուկին էին հագցընում.
Բայց չէր կարենում նա ընտելանալ
Այս թշւառ կեանքի հոգսերին երբէք—
Նա թափառում էր աղքատ ու նիհար.
Նա ասում էր, թէ գործել է մի մեղա
Եւ դըրա համար Աստւած պատժում էր
Եւ ապրում էր նա փրկութեան յուսով,
Եւ միշտ թշւառը տխուր, տրտում էր,
Եւ Դանուբ գետի շուրջ թափառելով
Յաճախ թափում էր աղի արցունքներ
Իր հայրենիքը մըտաբերելով...
Եւ նա կըտակեց մեռնելու ժամին,
Որ հարաւ տանեն իր ոսկորները.
Որքան չըպիտի հանգստանային
Օտար աշխարհում... Եւ մեռաւ ծերը[1]։
Ալեքօն
Օ՜հ, ա՞յս է եղել քո որդոց բախտը,
Ով Հռոմ, յաղթութեան աշխարհ կախարդիչ,
Դէ՛հ, ասա՛, ասա, ինձ, ի՞նչ է փառքը
Ով աստւածների և սիրոյ երգիչ,—
Խօսուն շիրի՞մը, պարծանքի ձայնը,
Որը սերունդից սերունդ է անցնում,
Թէ՞ ծըխով լցւած վւրանի միջում
Վայրի գնչուի խեղճ պատմութիւնը։

  1. Գնչուի պատմած աւանդութիւնը վերաբերում է Հռոմի հռչակաւոր բանաստեղծ Օւիդիոսիին։ Օգոստոս Կայսրը կասկածելով իր քրոջ Յուլիայի եւ Օւիդիոսի սիրային յարաբերութիւնների վրայ՝ վերջինիս աքսորեց Սեւ ծովի հիւսիսային կողմերը։