Երկու տարուց յետ կրկին թափառում
Են գնչուները խմբով, ինչպէս միշտ,
Եւ ամենայն տեղ նրանք են գտնում
Հիւրասիրութիւն և քաղցր հանգիստ։
Արհամարհելով լուսաւորութեան
Կապերն, ազատ է նրանց պէս Ալեքօն,
Նա անց է կացնում իր աստանդական
Օրերն, ո՛չ ցաւում, ո՛չ էլ ափսոսում։
Նոյնն է նա. նոյն է և ընտանիքը.
Չի յիշում անգամ օրերը նախկին,
Նա սովորում է գընչուի կեանքին.
Նա սիրում է նրանց գիշերօթիկը,
Նըրանց ծոյլ կեանքի հրապուրանքները,
Նրանց, թէպէտ աղքատ, բայց հնչուն լեզուն։
Նրա վըրանի մըշտական հիւրը
Իր որջին օտար թաւամազ արջը
Ճանպին պատահած տների բակերում
Շրջապատող զգոյշ ամբոխի առաջ
Գոռում է բարձր՝ ու ծանըր խաղում
Եւ ձանձրացընող շղթան կրծոտում։
Ծերուկը կռթնած իր ճանպորդական
Գաւազանի վրայ դայրա է շրջեցնում,
Իսկ նըւէրները ժողվում Զեմֆիրան։
Գիշերն է հասնում նըրանք երեքեան
Դեռ ևըս անհունձ ցորենն են եփում.
Ծերուկն է քընում.— լուռ է ամեն բան...
Խաղաղ է, հանգիստ ու մութ է վրանում։
Ծերունին գարնան կարմիր արևում
Սառած արիւնը տաքացընում է.
Աղջիկն օրրոցի մօտ սէր է երգում.