Jump to content

Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30

Եւ գետին ընկաւ տապանաքարից։
Այն ժամանակը վերկացաւ տեղից
Եւ դարձաւ նըրան ծերն սպառնալից.
«Թո՛ղ մեզ, գոռոզ մարդ, հեռացի՛ր մեզնից,
Մենք վայրենի ենք, մենք չունինք օրէնք։
Բայց չենք ըսպանում, մենք գիշատում չենք.
Ո՜չ տընքոց լսել, ո՛չ արիւն տեսնել.
Ո՜չ մարդասպանի հետ կուզենք ապրել.
Դու ազատութեան համար չես ծնւած
Երբ դո՛ւ ես ուզում միայն լինել ազատ.
Քո ձայնն այսուհետ սարսափ կըբերի։
Մենք վախկոտներ ենք, բայց հոգով բարի—
Դու չար, համարձակ—ուրեմըն թո՛ղ մեզ,
Թո՛ղ մեզ, մնաս բարով, գընա՛, Տէր ընդ քեզ,
Ասաց ծերուկը և աղմըկալից
Այն թափառական բանակը չըւեց
Սարսափով լցւած մահաշունչ հովտից
Եւ հեռու շուտով ամեն բան ծածկւեց
Տափաստանումը. մի սայլ միմիայն
Ծածկւած քրքըւած ու մաշւա՛ծ գորգով
Կանգնած էր անշարժ այն օրհասական
Դաշտի մէջ։ Այսպէս, երբ ուշ աշնանը
Խոնաւ, մըշուշոտ, միգապատ օրով
Դաշտից բարձրանում կռընկի երամը
Եւ աղաղակով հարաւ է թռչում,
Մէկը հրացանի գնդակով խոցւած
Մընում է մենակ, անտէրո՜ւնչ դաշտում
Իրան վիրաւոր թևը քարշ արած։
Հասաւ գիշերը, բայց մութ սայլի մօտ
Չըկար մէկ հոգի, որ կըրակ վառէր.
Չըկար մէկ հոգի, որ մինչ առաւօտ
Շարժուն յարկի տակ քընում երազէր...