Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկած ամեն մեկ լուր փոխն ի փոխ հույսով և դողով կլցներ մեզի, և երբ լավ լուր մը ունենայինք հաղորդելիք, անտեսելով բոլոր դժվարությունները, կդիմեինք իրենց ու միշտ դաժան զապթիեին ներկայության, կջանայինք մեր հույսը, մեր դույզն հույսը ներշնչել անոնց:

- Ո՞վ ճերմակեղենի պետք ունի…:

Մեր ձեռքերը կդողդողային անուններ արձանագրած ատեննիս, մեր աչքերը կժպտեին և անոնք կհասկնային ու միշտ՝ սև, խորունկ ու տխրագին նայվածքներու մեջ, ուրախությունը կծագեր արշալույսի նման:

Ավելի դժվար էր այցելել այն բանտարկյալներուն, որոնք կգտնվեին թուրքերու հետ, բայց գիտեինք նաև, որ անոնք ամենեն դժբախտները և ամենեն ճնշվածներն էին. և այդ իսկ պատճառով մեր նպատակներեն մեկն ըրինք մինչև իրենց հասնիլ:

Առաջին անգամ տպավորությունը սոսկալի էր. երկար ատեն հարկադրվեցանք սպասելու բանտապետին խցիկին մեջ, որպեսզի պատերազմական ատյանեն գա մեր տեսակցության հրամանը: Բանտապետն ածիլված գլխով, սև տարածված մորուքով մարդ մը, ծալապատիկ նստած էր դպրոցի մը առաջք, որուն վրա բացված կմնար խոշոր և ստվար տետրակ մը, բանտարկյալներու արձանագրությանց տետրակը հավանաբար: Երբեմն բանտապահներ, ստահակ երևույթով, սև և չոր դեմքերով, ձեռքերնին զինված մտրակով մը, կմտնեին ու կելնեին, գրեթե ամենքն ալ ածիլված գլուխներ ունեին և գագաթներուն վրա միայն մազի փունջ մը երկար թողված, ծոպի պես կիյնար մինչև ճակատնին: Պզտիկ ու հարաշարժ բիբեր, անվստահությունով և կասկածով անհանգիստ, չէին հանգչեր ոչ մեկ կետի վրա: Դժոխային բան մը կար մթնոլորտին մեջ, և այդ մարդիկը դյուրավ դահիճի համեմատություններ կստանային ինծի համար, անոնք դաժան և տխուր էին առհասարակ և դեմքերնին ծամածռած դժգոհություններով:

Այդ խցիկին մեջ, այդ անգամ և ուրիշ անգամներ ալ, անմոռանալի ժամեր անցուցած ենք: Երկար սպասումեն մեր սրտերը կճզմեին, մեր լսածներն ու տեսածները կվերադառնային մեր մտքին ավելի մթին գույներով, աշխարհը կսևնար ու գերեզմանի պես կարծես