Էջ:Among the Ruins.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Կեցցե՜ հուրիե՜թը…»:

Զապթիեն կատաղած. մտրակը բարձրացուց և խելակորույս, փնտրեց այն, որ առաջին անգամ արտասանած էր հեգնական բացականչությունը: Բայց հանկարծ խաղաղությունն իջած էր ամենուն վրա. և այնպիսի արտահայտութենե զուրկ դիմակներ ստացած էին, որ անկարելի էր գուշակել իրենց մեջ եռուզեռող զգացումները: Մենք իսկ տարված էինք խորհելու թե սրահեն դուրս անցած էր այդ դեպքը:

Մեր խոսակցությունը բանտարկյալներու հետ մեկ քանի պայմանադրական երազներու մեջ կամփոփվեր. բայց ինչե՜ր չէինք ըսեր այդ սովորական խոսքերուն մեջ. մեր ձայնին շեշտը, մեր վանկերուն արտասանությունն ինքնին կստանային, գրեթե անգիտակցաբար, այն իմաստները, որ մտածումին մեջ էին:

- ճերմակեղենի պետք ունի՞ք… քինինը վերջացա՞վ. տենդ ունի՞ք…

Նայվածքնին հեռու, մտքերնին բացակա, ուղղակի չէին պատասխաներ և համակերպությունով կժպտեին:

Մեր ձայնը լսած էին և գիտեին, որ կուզեինք ըսել.

- Համբերեցեք և հուսացե՛ք. վերջ ի վերջո արդարություն պիտի ըլլա ձեզի, որ ձեր կրած բոլոր նվաստությունները պիտի փոխարինվին ձեր վեհանձնության և ձեր արիության արժանի գնահատումներով:

Ադանա եղած ատենս, մեր ձեռնարկած բոլոր գործերուն մեջ բանտի այցելությունն ամենեն դժվարն էր. ամենեն ավելի պաշարված խրթնություններով, բայց մյուս կողմե ամենեն սրտապնդողը և ամենեն ավելի մեզ եռանդ ներշնչողը. գոնե հոն` չէինք տեսնար զարնվածներ, պարտվածներ և հլուներ:

Բոլոր անոնք, որ զենք ի ձեռին գտնված էին կամ նշմարված էին աղետի օրերուն մեջ, բանտն էին: Բոլոր անոնք, որ իրենց կուրծքը դարձուցած էին թշնամիին, հոն էին. երիտասարդու կյանքով լեցուն, աչքերնին վառված կենսական եռանդով և պատրաստ` իրենց արձակվելու առաջին օրեն իսկ վերստեղծելու կյանքը և խանդավառությունն այդ ավերակ դարձած քաղաքին մեջ: Ի՜նչ խանդաղատանքով և ի՜նչ գուրգուրանքով կհսկեինք իրենց ճակատագրին վրա: