Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱԽԱՂԱՆՆԵՐԸ

Երբ Ադանա հասանք, աղետի զարհուրելի պատմություններու մեջ՝ արկածյալներու հոգեբանությունն ամենեն ավելի վրդովող հիշատակը կախաղաններն էին. շատ բան մոռցած ու շատ բանի մասին անտարբեր դարձած էին, բայց կախաղանները դրոշմված էին իրենց մտքերուն մեջ իբրև գերագույն վիշտ մը, գերագույն վիրավորանք մը: Ծեր, թե երիտասարդ, այրի թե սգավոր մայր, երբ կխոսեին այդ օրվան վրա, կարծես կմոռնային իրենց սեփական ցավը: Ցեղը հավաքաբար կտառապեր ու սրտմտությունն այն աստիճանի կհասներ, որ երբեմն ըմբոստության մը համեմատությունները կստանար:

Մենք տեսեր էինք արդեն Միսաքի մայրը, քամակը ծռած հաղթանդամ պառավ մը, որուն վրա ցնցոտիներն անգամ կարծես հոգի ունեին և կտառապեին: Տեսեր էինք զինքն իր ցավի տագնապներուն մեջ գալարված՝ աչքին առջև ունենալով հարաժամ իր կտրիճ, իր գեղեցիկ տղան կախաղանը. լսեր էինք իր ողբագին գանգատը, իր ընդվզող ցավը, իր երկարաձգված հեծեծանքը.

- Վո՜ւյ… վո՜ւյ… վո՜ւյ…

Միշտ հոն էր գրեթե, եկեղեցիին բակին մեջ. ի՞նչ կհուսար և ի՞նչ կսպասեր մեզմե… իր աչքերը վիշտի անհատակ խորություններ էին, պարապի և մթության զգայնությունը կներշնչեին տեսնողներուն, իր կնճռոտած ճակտին վրա գորշ ու ճերմակ մազերու թելեր կիյնային ու ցիրցան ճմռթկված քողին ներքևեն. վզին վրա մկանունքները ձգտված, կուրծքը քարացած իր բռունցքի հարվպծներեն՝ անիկա տեսակ մը վախ կներշնչեր մեզի:

- Աչքերս կուրնա՜ն… աս աչքերովս տեսա:

Ու բիբերը կարծես կմարեին կուրնալու տենչանքեն…

Երբեմն, հուշիկ քայլերով կհետևեր մեզի և անսպասելի կերպով կլսեինք իր եղերական և աոանց արտասուքի լացը.

- Վո՜ւյ… վո՜ւյ… վո՜ւյ… աչքերս չոր աղբյուր են դարձեր… յավրում. օգնեցեք ինծի… արցունքս չորցեր է ներսի կրակե՜ս, ամա՜ն… օգնեցեք ինծի… սիրտս պահ մը զովացուցեք յավրո՜ւմ, օգնեցեք ինծի.