Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…

Հետո կպաղատեր, տղու պես կկառչեր մեր քղանցքներուն, հանկարծ կփլչեր գետին ու ժամերով կմնար կրկնելով նույն ցավատանջ երգը.

- Աշխարհիս պարծանք էր իր գեղեցկությունը… իր ձայնը և սարերը ու ապառաժները կցնցեր, իր երգերը ժպիտ և արցունք կբաշխեին. կաղնիի պես հասակը շուք կուտար ուրիշներու վրա. ինչպե՞ս չմեղքցան ու կախեցին… հողին որդերուն բաժին եղավ յավրուս, ամա՜ն… ինչպե՞ս ալ չխնայեցին իր կտրիճությանը…

Հետո աչքերը մոլորուն, կարծես փնտրելով իր տղուն ստվերը' կաղերսեր.

- Ձայնդ ո՞ւր մնաց, յավրո՜ւմ, ինչպե՞ս մարեցավ, աչքերուդ կրակն ո՞ւր գնաց, յավրո՜ւմ, ինչպե՜ս մարեցավ…

Գասապ Միսաք աշուղ էր, և կպատմեն, թե իր կախաղան բարձրացած պահուն, երգած է իր արտառուչ երգերեն մեկը, որուն հուզմունքեն սարսռած են նույնիսկ զինքը շրջապատող զինվորները: Կպատմեն նաև, թե իր վերջին խոսքերով հայտնած է, որ ինքը կախաղանի արժանի դարձած է ո՛չ թե այն հանցանքով, որով զինքը դատապարտած են, այլ անով, որ իր վրա դրված հույսերն ի դերև հանած է, և ինքը չէր կատարած իր պարտականությունը, ինքնապաշտպանության գործին մասնակցելով:

- Ես վատ ու թուլամորթ գտնվեցա, անոր համար է, որ կպատժվիմ:

Այդ սարսափելի օրը մենք դեո չէինք հասած Ադանա, բայց արկածյալները չէին դադրեր մեզի խոսելե այդ մասին ու գրեթե անոր ընդվզեցնող սոսկումին մասնակից կընեին մեզի:

- Ցավերդ առնե՜մ… կգոչեր կես խելագարված կին մը, օր կանցնի, ջարդերը կմոռնանք, բայց անիկա չենք մոռնար:

Կպատմեին մանրամասնություններ, չէին դադրեր անդրադառնալե այդ անսպասելի անարդարության վրա: Վիշտով ընդարմացած կիներ կզարթնեին հանկարծ, աչքերնին կվառվեր ոխով և անմոռանալի եռանդով, կըսեին, թե ինչպես մեկ ընտանիքե երկու եղբայր և քեռայրը կախաղան հանած էին՝ միմիայն ինքզինքնին պաշտպանած