Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահածին ամբողջությունը:

Անիկա այսպես պատմեց.

«Այն օրը, որ հասա հոս, ամեն բան կատարված էր արդեն, կախաղաններեն մարդկային գրգլյակներ կճոճեին ողորմելիորեն, ամբոխը ստվար բազմությամբ խռնված էր ու զինվորական շղթա մը զիրենք որոշ հեռավորության մեջ կպահեր կախաղաններեն: Արտակարգ ընդհանուր լռություն մը զիս ապշեցուց. ամբոխին մեջեն դիակնային տժգունթյամբ դեմք մը դուրս կցայտեր և բոլոր աչքերն անոր հառած էին:

Պահ մը իզուր հարցուփորձեցի շուրջիներս, հետո տեղացի ծանոթի մը հանդիպելով, հասկցա.

- Հայ մայր մըն է,- ըսավ հուզումեն ակռաները սեղմելով…

Ես բան մը չէի լսեր, ու գրեթե բան մը չէի տեսներ…

- Ի՞նչ կըսե կոր,- հարցուցի:

- Անե՜ծք… անե՜ծք…

Խումբե-խումբ ամբոխը ճեղքելով կառաջանայինք, և առաջին կարգին վրա եղողները կհաղորդեին ետևի շարքերուն իրենց լսածները. այնպես որ աստիճանաբար կցկտուր մրմունջներով կկրկնեին հայ մորը խոսքերը.-

- Անիծյա՜լ ըլլաք… ո՜վ դուք, աշխարհիս խազեպները… մոր անեծքը սևցնե ձեր ճակատագիրը… երբ հասնին օրեր, ուր սահմռկած ինքզինքնուդ հարցնեք, թե ինչո՞ւ կտառապիք, կսկիծով հիշեք, թե այս րոպեիս համար է… ձեր սև ժամն ալ հնչե ու ամլության և մահվան դատապարտվի՜ք… ծարավի խոտի պես չորնաք չարչարանքի կրակներու մեջ… ու ձեր անգթության և վայրագության փոխարեն ձեր բազմապատկված վիշտերով տառապի՜ք…

Ամեն կողմե ամբոխն արձագանք դառնալով կկրկներ այդ չարաբաստիկ բառերը: Ցուրտ սարսուռ մը կանցներ զինվորներու շարքին վրայեն. դահիճներն անգամ դղրդված էին՝ մինչ հոգեվարքի վերջին կծկումներով ծամածռած կախվածները մեղմորեն կճոճվեին կախաղաններու վրա: Ոչ ոք կհամարձակեր ձեռք վերցնել ու լռեցնել վշտահար մայրը, ու մինչ անդին ամեն խորշերու մեջ ու ամեն խշտյակներու վրա ամեն կարգի արկածյալները կհիմարանային ու մահվան