Էջ:Among the Ruins.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Բարի եք եկե՛ր…:

Զսպանակն մղվածի պես կդառնանք դեպի հայերեն խոսքերը. արևեն սևցած տառապանքեն ծամածռած դեմք մը կցցվի մեր դեմ. երկա՜ր ատեն առանց խոսելու իրարու կնայինք. մեր հուզումեն զգացված հայը կտժգունի հետզհետե, հոնքերը կբարձրնան ու կիջնան, աչքերը գետին կսևեռե ու տարտամ շարժում մը կընե դեպի ավերված թաղերը:

- Կուզե՞ք երթալ դեպի մեր տուները… ժամանակն ուշ է… բայց կրնանք տեսնել:

Իր ետևեն կբարձրնանք զառիվերե մը. հետզհետե ընտանեցած մեր ներկայության, կսկսի խոսիլ նախ ընդհատ-ընդհատ, հետո ավելի արագությամբ, հանկարծ իր խոսքերը գահավիժում մըն են սարսափելի, անպատմելի դեպքերու, որոնց մտիկ կընենք հևալով, գալարված ուժգին ներքին ցավով մը ու կարծես փափագելով, որ ալ խնայեն մեզի, ալ չըսեին, ալ լռեին ու թույլ տային, որ գոնե րոպե մը կարենայինք հանգչիլ մեկ որոշ դեպքի մը վրա…:

Մարդը գինովցած է, սակայն՝ իր հիշատակներեն. անգիտակից հրայրքով մը կծանրանա ահարկու մանրամասնություններու վրա.

- «Քանի մը օրեր ես ինքս փախստական մնացի ջուրի հին ճամփու մը մեջ… գետնին տակեն կլսեի անորոշ աղմուկը հեծմունքներուն, աղաղակներուն… մինչև որ մարդու ձայն չի մնաց՝ հրացաններու ձայնը չի դադրեցավ… մինչև իմ թաքստոցիս մոտ մարդ սպաննեցին. երկրորդ իրիկունն էր. կմտածեի. եթե Արսենը' եղբայրս, ողջ մնացած ըլլար, ինքն ալ իմ պահվտած տեղս պիտի գար ծածկվելու, որովհետև ես և ինքը միայն գիտեինք այս ճամփուն մուտքը… երկար սպասեցի. հետո հույսս կտրեցի, հանկարծ որոշակի լսեցի ոտքի ձայներ, ճանաչա եղբորս քայլերը… Բայց մինակ չէր. քայլերուն արագությունը, անկանոնությունն ինծի հայտնեցին, որ կհալածվեր, հրացանի ձայները կմոտենային, պահ մը լռություն կտիրեր ու կրկին նույն աղմուկը… նախ սուր ցավ մը զգացի ներսս, աչքերս լցվեցան, եղբայրս ըլլալուն տարակույս չունեի… բայց հոգին ի՜նչ անուշ բան է եղեր… հետզհետե սկսա հոգ ընել… եթե եղբորս մտնելը տեսնեն ջուրի ճամփուն մեջ՝ զիս ալ պիտի գտնեն…»: