Ժամանակը կհասնի ու կմտնենք մեր կառքին մեջ: Երկար կնային մեր ետևեն ու մեր հրաժեշտի բարևներուն չեն պատասխաներ, իրենց նայվածքը կընկերանա մեզի ու կտեսնենք, որ ժպիտը կանհետանա իրենց մթնած դեմքերուն վրայեն, ու այն, որ ցույց տված էր Ինճիրլիքը, անջատվելով խումբեն՝ կառաջանա ու թևը կարկառելով նույն շարժումով դեպի ավերակները, կկրկնե նույն խուլ ձայնով.- Ահավասիկ հոն է՜ր…
Կառքը կթավալի արևի արագությամբ ու քիչ հետո կիներն այլևս չեն երևար:
Ամպերը կկուտակվին. երկինքը կապտագույն է. հովը նախ մեղմիկ, հետզհետե կսաստկանա և սայլը կառաջանա բարձրացած հողի փոթորիկի մը մեջեն:
Ուշ ատեն կհասնինք Միսիս. արևը մարը մտած է, բայց իր վերջին ճառագայթները դեռ րոպե մը կհրդեհեն բոլոր քաղաքը, դիմացը լեռները շառագույն են, Սիհունն իր կարմրած ջուրովը կանցնի հնամենի հռովմեական կամուրջին տակեն ու կարծես մեզի պատրանքը տալու համար իրականության՝ ավերակները կբոցավառին ուժգին և շարժուն ցոլքերովն անհետացող արևին, բոլոր այս վառ գույներու պերճանքը սակայն անմիջապես գրեթե կանհետի ու սգավոր ու մռայլ՝ ավերված քաղաքին ավերակները կցցվին դեպի փոթորկոտ և կապարագույն երկինքը:
Մեռած քաղաք, գերեզմանային լռությո՜ւն…: Պատմական Մամեստիան, հին դարերու քաղաքակրթությունն իր հնադարյան բեկորներով ու քանդված պալատներով, զարմանքով ու զարհուրանքով կնայի կարծես նոր ավերակներու վրա:
Անմիջապես կուզենք երթալ ավերակներուն մեջ, այցելել մոխիրներն այրվածներուն ու բարձրության մը վրա կանգնած՝ կփնտրենք ճամփան: Մեկ քանի տեղացի թուրքեր կանցնեին մեր մոտեն երկչոտությամբ ու կասկածով բարևելով. նույն դաժան տխրությունը նաև իրենց դեմքերուն վրա, կերևա. աչքերնուն մեջ կենսական բոցը մարել է կարծես, մեր օտարոտի երևույթը զիրենք անհանգիստ կընե ու արագությամբ կհեռանան խրտչած թե՜ մեր հետաքրքրութենեն, թե՜ վիշտեն…