Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյան հետքերը դեռ խոնավ էին ու անոնց հոգին էր, որ կարծես կմխար ծածանող խունկի ալիքներուն մեջ: Որչափ ատեն որ ժողովուրդը ինքզինքը բռնեց, որքան ատեն որ հեծմունքներն ու հառաչանքները խեղդված մնացին իրենց կուրծքերուն մեջ, կարելի եղավ հետևիլ կրոնական արարողության… երբեմն ցավի և վերհիշումի սարսուռ մը կալեկոծեր սգավոր ամբոխը… երբեմն ալ մոլեռանդ տանջանքը խաղաղության ու հանգստի, կփայլատակեր աչքերուն մեջ… Այդ բյուրավոր նայվածքներու մոգությունը հետզհետե ցավագին զգայնություններով կտանջեր մեզ. այդ պահուն էր, որ պատարագվորը ժողովուրդին դարձած խաչակնքելու միջոցին մեջ ըսավ.

- Խաղաղությո՜ւն ամենեցուն…

Օ՜հ, այն տանջալի հառաչանքը, որով այդ սփոփարար խոսքերն ընդունվեցան. ժողովուրդին զանգվածն իր հիմեն դղրդեցավ ու արցունքներ հոսեցան մեղմորեն այտերու վրա. ու այդ խաղաղության բաղձանքը ոչ թե միայն այդ րոպեի համար էր, ոչ թե այդ որոշ մարդկային բեկորին համար, այլ անիկա կհնչեր բարձր ու անդիմադրելի, դարավոր տառապանքին տակ կքած ու հալածանքի ուրվականներեն մոլորած ցեղին համար:

Պատարագը կառաջանար, աղոթքներու և շարականներու մեղեդիներեն օրորված մտածումս կսլանար դեպի հեռուները, դեպի ապրած անցյալ սև օրերը. ինքզինքս լքած ցավի ալքերուն, կզգայի անհատականությանս աստիճանաբար նվազիլը հավաքական տառապանքի մեջ ու տաժանելիորեն կզարթնեի նորատեսակ գիտակցության մը.… ու այդ պահուն էր, որ հաղորդվեցա իմ ցեղիս ճշմարիտ ճակատագրին հետ…: Այդ պահուն էր, որ վերապրեցա բոլոր այն դժոխային տագնապները, որոնք պատմեր էին ինծի և որոնցմե հեռու և օտար մնացել էի այն օրերուն: Նույն եկեղեցիին մեջ… սարսափահար և հալածական ժողովուրդը հավաքված էր նույն այս տաճարին մեջ. այն օրն ալ կիները մեծամասնություն կկազմեին և ամեն անգամե, որ հրացանի մը ձայնը կթափանցեր պատերը, չէին գիտեր թե իրենցմե ո՞րն էր, որ այդ րոպեին կայրիանար… դուրսը կզարնեի՜ն, կզարնեի՜ն… աղջիկներ ու կիներ իրենց ճերմակ քողերուն մեջ