Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատանքված մեռելներու երևույթովը, մեկ րոպեեն մյուսը գույժերու կսպասեին… արյունը կհոսեր: Վերքերնին բաց, միսերնին պատառատուն թշնամիին գնդակներեն, քաղաքը պաշտպանողներեն ոմանք կուգային կռիվեն ու եկեղեցու շեմին վրա հոգինին կավանդեին, հոն ապաստանած իրենց սիրելիները փնտրելով խելահեղ և վերջին նայվածքով: Մեկ րոպեեն մյուսը սև խուժանին դիմադրող բազուկները կպակսեին, ուրիշներ կդառնային հևիհև, խեղանդամված և պայքարելու անկարող, և պետք չկար, որ տեսածնին պատմեին, որովհետև իրենց վառոդե սևցած դեմքերում վրա գրված էր ամբողջ արհավիրքը հուսահատության…:

Այդ նույն տաճարին մեջ էր… հրացանները կորոտային ավելի մերձավոր, ավելի հաճախ… ոգեվարներուն հռնդյունները խառն էին անեծքներով… կիները դողդոջուն կսեղմվեին՝ տեղ տալու վերադարձողներուն և իրենց պաղատող նայվածքներն իզուր կկառչեին սուրբերու և սրբուհիներու պատկերներուն…

Ինչո՞ւ անոնք, որոնց զորությանը հավատացեր էին միշտ, անկարեկիր և ցուրտ կմնային իրենց տառապանքին, ի՞նչ անեծք ու ի՞նչ պատիժ տնօրինած էր իրենց համար… ո՞ր կուտակված մեղքերու քավությանը համար էր, որ Աստված համր ու կույր կմնար, իբր թե բացակայած ըլլար սրբատեղիեն…:Հանկարծ լուսավոր և շառագույն հայտնություն մը երևաց պատերուն վրա… կրակի տվին, քաղաքը կայրեր. ամեն բան կորսված էր: Հետզհետե ավելի մոտ հրացանները կզարնեին ու գնդակները սուլելով կանցնեին եկեղեցիին պատերուն վրայեն: Օգնությո՜ւն… օգնությո՜ւն, ո՜վ Աստված մեր նախահայրերուն, քո անկարեկիր ու ոխակալ նայվածքդ մեյ մը մեզի դարձուր…: Բոցերը կպատեն ամեն կողմ, օճախները կքանդվին, հրացանները կորոտան ու հաղթական թշնամիին ամբոխը մոտ է, ու ամեն կյանք՝ պլպլացող լույսի մը պես անոր չարագուշակ շունչը կզգա իր վրա:

Այդ րոպեին սպիտակահեր ու ծերունի քահանա մը, տարիքեն դողդոջուն սրունքներն ամրացնելով՝ կերևա ժողովուրդին, ձեռքերը կբարձրացնե՜… - «Մտիկ ըրե՛ք, մեռնելու ժամը հասած է, Տերը Մեր Յիսուս Քրիստոս իր անքննելի տրամադրություններուն մեջ վճռեր է,