Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև իրիկուն կերթանք այդպես. մեր ուշադրությունը երբեմն կգրավի հնադարյան բերդի մը երևումով. ժանյակավոր պարիսպներ, կիսով քանդված աշտարակներ, բոլոր հետքերը հունական և հայկական քաղաքակրթության՝ փոխն ի փոխ կզբաղեցնե մեզի: Տեղ-տեղ ժայռոտ ու ցցված լեռան մը գագաթը բերդը կկանգնի, դեռ կարծես պահած իր պատմական հեղինակությունը. ու ակամա կխորհիս բոլոր այն պայքարներուն, այն անխնա հալածանքներուն, ու հուսահատական ոգորումներուն, որոնց թատերավայրերը դարձած են դարերու ընդմեջեն՝ այս նույն դաշտերը, որոնք անգամ մըն ալ կխաղաղնան նոր թափված այրիներու և դեռ իրենց միսերեն չմաքրված ոսկորներուն վրա…:

Իրիկվան դեմ կերևա Անավարզա բերդը՝ վարդագույն մշուշի մը ընդմեջեն, իր պատառտուն ավերակներով սեգորեն կանգնած արհամարհելով ժամանակը ու դեպքերը, ու նույնիսկ կարծես անագորույն գեղեցկությունը բռնության, որ իր ներդաշնակության մեջ, ինչպես բեհեզյա պատրանքի մը՝ կծածկե փտությունը թափված արյունին ու դիակներուն:

Իրիկնամուտին կհասնինք վերջապես Սիս… պատմական մայրաքաղաքը: Գերագույն աստիճանի հուզումով մը լեցուն է մեր հոգին. քաղաքը, իր ճերմակ տուներով կտարածվի լայն հովտի մը մեջ միջնադարյան բերդադղյակի երևույթով վանքին ստորոտը: Հեռավոր լեռնաշղթաներն իրենց աստիճանական կապույտին մեջ պարփակված կկանգնին պահակներու նման. ամեն բան կես ստվերի մեջ է և խաղաղության ու ներդաշնակության զգացում մը կծածանի միջոցին մեջ:

Սայլը մեծաժխոր աղմուկով մը ոստոստելով անկանոն սալահատակներուն վրա՝ կառաջանա քաղաքին մեջ. տուները փակ են ու մարդ չկա. լուռ է ամեն կողմ. միայն ցանցառորեն փոքր ու գիրուկ մանուկները գլխաբաց կմոտենան մեզի, զարմացումով կնային ու կքաշվին: Ահավասիկ վերջապես հայաբնակ քաղաք մը, որ ինքզինքը պաշտպանած էր թշնամիին հարձակումներուն դեմ. հոգինիս զեղուն է զանազան կարգի զգացումներով. կմտաբերենք հեռավոր և մոտավոր