Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչ սայլը գինովի պես աջ ու ձախ գլտորելով կառաջանա մեծ ճամփուն վրայեն:

Արևը մարը մտնելեն բավական առաջ անակնկալ կերպով մը Ղարս-Բազարը կերևա մեզի: Աչքերնիս վարժված ընդարձակ և մերկ տարածություններու, հանկարծ կզարմանանք տեսնելով թարմության և կանաչության այն փունջը, որ կպարզվի մեր աչքին առջև: Դեռ բավական հեռու ենք ու ավերակները չենք տեսներ: Քաղաքը ծածկված է ծառերու մեջ ու մեկ քանի առանձին տուներու երևումը՝ փոքրիկ, մաքուր, վանդակապատ տուներ՝ ավելի գեղջկական հանդարտ կենցաղի տպավորությունը կընեն ու կարծես բարյացակամությունով կողջունեն մեզի:

Ընդհանուր ապշության և հետաքրքրության մեջ, որ մեր իրենց համար ունեցած անօրինակ երևույթն առաջ կբերե, կառաջանանք թուրք թաղին մեջեն - անեղծ մնացած - ու կհասնինք տեղին երևելիներեն հայ հողատերի մը տունը, որուն հանձնարարված ենք:

Կին, տղա, ծերունի, խառնիխուռն կդիմավորեն մեզի և չափազանց ուրախացած մեզի տեսնելուն՝ կաճապարեն մեր բեռներն առնել, մեզ թեթևցնել ամենափոքր ծրարեն… Ու իրենց խանդավառ թափորին մեջեն մինչ ծերունիները հանդիսավորապես կառաջնորդեն մեզ և տղաքը կոստոստեն շուրջերնիս, կերթանք լռին ու մտախոհ բոլորովին ինքզինքնիս հանձնած իրենց հյուրասիրության կերպերուն:

Արագորեն գորգեր կփռվին այն սրահին մեջ, ուր կմտցնեն մեզ ու բազմոցներ կտարածեն գետինը, որպեսզի հանգիստ ընենք, կակուղ բարձեր կդիզեն մեր կռնակները ու երբ բոլոր ծառայությունները կկատարեն, կին, մանուկ, այր ամենքն ալ կքաշվին, կաներևութանան:

Նույն միջոցին է, որ տանտերն առանձին կմտնա ներս ու բարի գալուստ կմաղթե մեզի: Միջին հասակով, միջին տարիքով, մորթը բացօթյա աշխատութենեն թխացած, աչքերը երազուն և տխուր, ինչպես գրեթե բոլոր մեր շուրջը գտնվողներունը, համեստորեն հագված, բավական հարուստ ագարակատեր մըն է, որը սակայն պարզ գյուղացիե մը կզանազանվի այն հարգանքով, որ իր ներկայությունը կներշնչե զինքը տեսնողներուն: Առաջին քաղաքավարական խոսքերը փոխանակելե ետքը՝ ատեն մը լուռ կմնանք. այն աղիտալի փոթորիկը,