որ անցած է իրենց վրայեն ալ, դեռ սարսափի ու ցավագին զարմացումի մը մեջ կհամրացնե զիրենք: Մեր ներկայությունը, կարծես, կարծարծե իր հիշողություները, երախտապարտ նայվածքով է, որ կնայի մեզի, որ ուզեր ենք գոնե երթալ իրենց մոտ ու իրենց տերտը հասկնալ: Իր երազուն և տխուր աչքերը երբեմն կամպոտին և երբեմն ալ, ո՞վ գիտե, ի՞նչ մտածումի անսալով, ամբողջ դեմքը կծամածռե ու բոլոր այս լռին արտահայտությունները կվերջացնե ձեռքի շարժումով. մը, որ կարծես ըսել կուզե.- Ի՞նչ օգո՜ւտ, ըլլալիք էր եղավ… թափվելիք արյունը երակին մեջ չի մնար…
Այլ սակայն Ղարս-Բազար շատ մը մխիթարվելիք կետեր ունի. անիկա այն տեղերեն մեկն է, որ գետնաքարշ սարսափի մը մեջ անձնատուր չէ եղած ոճրագործներուն և իր պատիվն ու կյանքը պաշտպանելու հուսահատական ու բնազդական ձգտումով մը, ծառացած է թշնամիին դեմ: Ղարս-Բազարի ինքնապաշտպանությունը, իր թևին անհամեմատական պզտիկությունով, իր ունեցած զենքերուն տեսակի և քանակի անբավականությունով այն հրաշքեն մեկն է, որ պարծանքով կրնանք արձանագրել մեր ազգային պատառատուն և ցավագին պատմության մեջ:
Ապրիլ 2-ի հինգշաբթի գիշերը, ժամը թրքական 6-ին ատենները, Ճին Թորոս կոչված հայ ոստիկան մը կուգա Ղարս-Բազար և կիմացնե, թե 2000-ի չափ թուրքեր, զինված մարթինիով, կուգան հայերը ջարդելու: Քանի մը վայրկյան ետքը, ամբողջ գյուղն արթնցած է և տեղեկացած իրականության: Առանց պաղարյուննին կորսնցնելու՝ իրենցմե ամենեն քաջերը և ամենեն կարողները կհավաքվին. կխորհրդակցին և եղելությունը իմացնելով իրենց դրացի ազատասեր թուրքերու, ինքնապաշտպանությունը կկազմակերպեն: Տեղին թուրք երևելիներեն Մուսաղ աղա, Վելի էֆենդի, իրենց հետ ունենալով հարյուրապետ Ահմեդ, հիսնապետ Ահմեդ, ընդառաջ կերթան ոճրագործ ամբոխին և ետ կմղեն զայն:
Ուրբաթ առավոտ արշալույսին՝ ամբոխն ալ ավելի ստվարացած կուգա, կպաշարե գյուղը ու հրացանաձգությունը կսկսի: Հայերը կդիմադրեն, անձնատուր չեն ըլլար. ամբոխը կատղած՝ կրակի կուտա հայ թաղերը: