Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև իրիկուն հրացանաձգությունը կշարունակվի. Հայերն իրենց կիսավարտ դպրոցն ապաստանած կդիմադրեն միշտ, իրիկվան ժամը 1-2-ին Սիսեն կհասնի հիսնապետ Հյուսնի և 40-50 զինվորներով կհաջողի ցրվել ամբոխը:

Երբ առավոտուն տժգույն արշալույսը կծագի, դիմադրողներեն մեկ հոգի մեռած և մեկ հոգի միայն վիրավորված կգտնվին, մինչ խանի մը մեջ ապաստանած յոթը մարաշցիներեն վեցը և հաճնցի մը, որ կառավարության դուռը դիմած էր, սպանված էին: Քիչ հետո կիմանան նաև, որ իրենցմե շատերը ու իրենց այն ազգականները, որոնք քաղաքին շուրջը կգտնվեին՝ անխնա ջարդված են: Այսպիսով է, որ քաջարի գյուղացիին ուրախությունը՝ երբ հասկացավ, թե իր դիմադրությունը հաջողած էր՝ անխառն չեղավ:

- Հազիվ թե մեր սիրտերը կբաբախեր հաղթանակի երջանկությունով, երբ ցավի ու լացի աղաղակներ բարձրացան: Զավակնին կորսնցուցած մայրեր մազերնին կփետռտեին ու մեզի դեմ կսրտմտեին թե ինչու թույլ չտվինք, որ մեկ գիշերվան մեջ իրենք ալ մեռած ըլլային ու աչքերնին չբացվեր այլևս այս սև աշխարհին վրա:

Այրիները, ապշած ու չհավատալով իրենց սուգին, մեր ձեռքերուն կնայեին. որբերը չէին հասկնար, թե որբացած են. դեռ հրացաններուս փողերը տաք, ու ձեռքերնիս սևցած վառոդեն, չէինք գիտեր, թե ուրախանայի՞նք եթե ոչ տխրեինք մեր հաջողության վրա: Շատերն ալ տուներնին կորսնցուցած, ագարակներնին կողոպուտի տված, մոխիրի վրա նստած էին…: Ամեն վայրկյան սև լուր մը կուգար: Ղարս-Բազարի մեջ 60 տուն և 100 խրճիթ այրեցավ և բոլորիս ալ մալերը մաֆ եղան…:

Մինչ տանտերն իր հանդարտ ձայնովը կպատմեր բոլոր ասոնք, տանը կիներն ու աղջիկները կուգան և իբրև թե մեզ առաջին անգամ տեսնեին, հարգանքով կմոտենան, կբարևեն ու կշարվին մեր դիմացը: Տանտիրուհին տարեց ու պատկառելի, կկենա առաջին շարքին վրա. լայն շալվար մը, որուն ձևը կորսված է ծալքերու առատության մեջ՝ կվերջանա բոբիկ սրունքներուն վրա նեղ գափով մը: Մարմնին վերի մասը ծածկված է տեղական կերպասե շինված գծավոր չփակի մը մեջ, որ կկաղապարե իր բազմաթիվ զավակներ սնուցած հարուստ