Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ անգամ մըն ալ իր հոտին անմեղ արյունը թափի… սուրերը սուրցած են ձեր պարանոցներուն համար և դահիճները ոգևորված են նախճիրի արբեցութենեն, ու արյունը պահ մը ետքը ձեր երակներուն մեջ չպիտի մնա… խոնարհեցե՛ք ձեր գլուխները ու արձակում խնդրեցեք ձեր մեղքերուն համար… վերջին ժամը հնչած է ու Աստծո ողորմությունն անսահմանափակ է…»: Հրացաններու խլացուցիչ և շտապ շտապ աղմուկին և տուշմանին մոլեգին աղաղակներուն մեջ, պահ մը ծերունի քահանային ձայնը կմարի, բայց անիկա կերկերաձայն կշարունակե թողություն արտասանել խոնարհացած ժողովուրդին վրա:

Բոցավառված երևակայությանս մեջ կշփոթվի այն օրը և այս օրը, որովհետև դարձյալ ժողովուրդը խոնարհած է և ինկած է գետնին, հնձված հասկերու նման. խորանին մեջ, պատարագվորին ձայնը սլացավ. «Խոնարհեալ երկիւղիւ երկրպագանեմ…»:

Ճակատնին գետնի քարերուն զարնելով, քամակը կորացած ժողովուրդը, կրոնական սարսուռե մը թրթռուն՝ իր ցավը մոռցավ… ու մխիթարությունը ճերմակ աղավնիի մը պես րոպե մը սավառնեցավ իրենց արցունքե աղոտացած աչքերուն առջև…: Բուրվառները կճոճեին ծեքծեքալով և խունկի ծվենները կթանձրանային, ու երբ գլուխնին բարձրացուցին' արցունքն ավելի առատ կհոսեր տանջված դեմքերու վրա:

Բայց երբ քիչ ետքը պատարագիչն արտասանեց գերագույն մաղթանքը.- «Հանգի՜ստ ոսկորներուն Կիլիկիո նահատակաց, արանց ու կանանց, ծերոց ու տղայոց, երիտասարդաց և կուսանաց», սգավոր ժողովրդին հուզմունքն այնպիսի աստիճանի մը հասավ, որ բարձրաձայն հեծկլտանքներու մեջ խեղդվեցան աղոթքին ձայները…: Անսահման վիշտեն ալեկոծված ամբոխը սկսավ աղաղակել, երբեք կարելի չէր երևակայել այն կատարյալ ու ցավագին ներդաշնակությունը, որ ինքնին առաջ կու գար և որ հոգեհանգստյան աղոթքին միանալով' զայն կամբողջացներ. պահ մը, միայն լսվեցավ ողբ ու հեծեծանք, մինչև ծերունի քահանաներուն խռպոտ և թավ ձայնը կպատասխաներ այդ ցավագին աղաղակներուն, հնամենի աղոթքներու նվիրագործված բանաձևերով ամոքելու համար այդ այրող