Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժողովարանին մեջ անմիջապես անձնատուր չէին եղած ու մանավանդ քարոզիչներ կռվեր էին. բայց իրենց անհավասար կռվին արդյունքը հայտնի էր այն լճացած արյունի արատներեն, որ կգտնայինք տեղ-տեղ. ու հետո վիրավորված փախստականներու հետքերը, որոնք կաթիլ-կաթիլ ինկած արյունով, գրված էին գետնին վրա, ու վերջապես պարտեզի դուռին առաջքը գտանք այլևայլ ուղղությամբ գծված արյունի արձանագրություններուն վերջակետը - տարածված արատ մը խտացած արյունի - պարտեզին դռան վրա արյունի կաթիլներ ժայթքած էին նաև մեկ քանի ուղղությամբ:

Դիակները հոն մնացեր էին. ու արևին և օդին ազդեցության տակ տարրալուծված ու փչացած, այնպես որ մաքրված ոսկորները նահատակներուն ցրված էին գետինը, այդ խտացած արյան շուրջը, ու հոն կային նաև Աստվածաշունչի և անգլերեն գիրքերու փեթռտված էջեր, որոնց մեկուն վրա կարդացի. «Համլետ»:

Անգլիական միտքն այդ դժոխքին մեջ, այդ ոճիրով թաթավուն հողին վրա` հրեշային հակասություն մը թվեցավ ինծի, երբ հանկարծ ցեղին համառ ու անմարելի տենչանքը հաճնցի ուսուցչին ճգնաժամային արձանագրության հիշատակովը ներկայացավ մտքիս.

«Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս…:

Ու ինծի թվեցավ նաև, որ այդ մոխրացած ավերակներեն, այդ ածխացած ոսկորներեն, մոր և այրիի արցունքեն ու նույնիսկ որբերու ցնցոտիներեն կժայթքեր այդ անպարտելի, այդ կենսաբուխ հավաքական տենչանքը ցեղին: Ու թշնամիին բոլոր սև դավադրություններն անկարող պիտի դառնային անոր վերածնող և անմահական զորության դեմ.

«Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս…»:

Մութը տարածված էր ամեն կողմ և մենք հավաքված Օսմանիեի միակ կանգուն մնացած տան մեջ. գիշերը հոն պիտի անցնեինք: Այդ պահուն դեռ նոր վերադարձած ավերակներեն և հողակույտերեն, տխուր և անխոս կհսկեինք մեր մտածումներուն վրա. տղու ճիչեր, բեկբեկված և հառաչագին ձայնով երգված օրորներ երբեմն կխռովեին մեր լռությունը: Սրահն ընդարձակ էր և դիմացի կողմեն կառաջանար դեպի պարտեզ ընդարձակ պատշգամի մը նման: Անհամար