Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կորոտային, մուխը կսպառնար ու կխեղդեր զիրենք, մահը կիջնար իրենց վրա մշտնջենական գիշերի մը պես: Եվ գյուղացի հեք ուսուցիչը, որ շատ քիչ միջոց ուներ իր արևի ու կյանքի ու պայծառության տենչանքը` բացատրելու գտեր էր, խավարային ուժերու մատնված ցեղին դարավոր, հավաքական ու միակ բառը ու գրեր էր աոաջին տողին տակ.-

«Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս»:

Ու ահավասիկ սակայն դժոխային պատկերը, ժողովուրդը պատսպարող պատկերը կպայթի, կճեղքրտվի, ու բոցը, հրդեհին բոցը, օձի պես կսողոսկի ներս, կճյուղավորվի, կբազմապատկվի ու կծառանա, կգալարվի ու կսլանա ու ահաբեկած մարդու ճիչերուն, աղաղակներուն, վայնասուններուն, ցավի ու սոսկումի գոչերուն մեջ կպտուտքի սուլելով ու լափելով: Դուրսը, թշնամին, անհագ ատելությունով վառված, կզարնե փախչողները, կոռնա պատուհաններուն ներքև: Ու մարդիկ կարմրած հրդեհի բոցերեն, դժոխքի մեջ այրող հոգիներու քստմնելի երևույթը կառնեն ու զիրար կբզկտեն, զիրար կխածատեն, իրարու վրա կդիզվին ու հորդալով կիյնան ածխացած ուրիշ դիակներու վրա:

Ու այն ատեն ուսուցիչը, անկարեկիր Աստվածածինեն և անկարող, Խաչելութենեն աչքերը դարձուցած, կարձանագրե իր երրորդ և վերջին տողը.-

«Այս պահուս Աստված չկա»:

Ափ մը մարդկային աճյունը սեղմած կուրծքիս վրա, հեռացանք եկեղեցիեն: Թեև ժամանակն ուշ էր, ուզեցինք նաև այցելել բողոքականներու ժողովարանը, ուր մեկ քանի քարոզիչներ նահատակված էին Ժողովուրդին հետ: Այդ քարոզիչները պատահմամբ կգտնվեին դեպքին գիշերն Օսմանիե. անոնք ճամփորդ էին և կերթային Ադանա՝ տարեկան ժողովի մը մասնակցելու:

Նույն ավերակները, նույն քստմնելի պատկերը, մարդկային ոսկորները միայն ավելի ցանցառ էին. հոն գտանք պատառատուն և արյունոտ շապիկի կտորներ, հագուստներ, և այլն»:

Գանգոսկր մը մեր ուշադրությունը գրավեց: Վերցուցինք: Տեղացիներ ենթադրեցին, որ քարոզիչ Լևոնյանի գանգն ըլլալու է: