առանց տեղին կառավարիչին արտոնության այցելել բանտը, ու հակառակ մեր անձնավստահության, որ գրեթե միշտ կհաջողեր, դուռները փակ մնացին մեր դեմ. մեկ պաշտոնատունեն մյուսը վազելով վերջապես երկու ժամ ետքը բանտարկյալներուն հետ հարաբերության մեջ մտանք:
Էրզինի հայ բանտարկյալները գրեթե ամենքն ալ հաճնցի էին. իրենց մեջ կային փոքր թվով Տյորթ յոլցիներ, հոն էին տակավին Տեր Սահակ քահանան և այն մեկ-երկու քաջ երիտասարդները, որոնք ինքնապաշտպանության գլուխ կեցած էին:
Ոստիկաններու և պահակ զինվորներու ընկերակցությամբ տարին մեզի բանտին դիմացը: Դուռը գոց էր. պզտիկ բացվածքի մը առաջքը կուգային բանտարկյալները` մեզ տեսնելու: Այդ բացվածքին մեկ կողմը նստավ բանտապետը. ճերմակ գտակ մը կծածկեր իր ճաղատ գլուխը և վարդագույն էնթարի մը հազիվ թե կպարտկեր իր խեղանդամ մարմինը. իր հաստ անձև ձեռքը զինված էր գավազանով մը. վտիտ դեմքին վրա իր անհանգիստ և կասկածոտ բիբերը հարատև շարժումի մեջ էին. պեխն ու մորուքը թափած էին և իր բորոտած մորթին վրա թարախոտ փշտիկներու մեջտեղ հազիվ թե քանի մը մոխրագույն մազի թելեր կցցվեին կարճ և կարծր: Իր դեմը տախտի մը վրա, ուր քանի մը անկողիններ զետեղված էին վրայե վրա, ընկողմանած էր պատկառելի ծերունի մը. ճերմակ գտակ մը ուներ նաև անիկա իր ածիլված գլխուն վրա, որուն մեջ կծածկվեին ականջներուն վերի մասերը. փառավոր ճերմակ մորուք մը կծածկեր կուրծքը. ձյունափայլ էնթարի մը լայն թևերով, ծալք-ծալք կպարփակեր իր մարմինը: Ծերունին մեկ ձեռքը բռնած էր սաթե համրիչ մը և մյուսովը դանդաղ քեյֆով մը նարկիլեին ծխամորճը կտաներ շրթունքին: Ատիկա այդ բարձրութենեն երբեմն կբարեհաճեր իր հեղինակավոր և լուրջ նայվածքը պտտցնել մեր վրա: Երբ հարկ կըլլար նարկիլեին կրակն արծարծել կամ որևէ ծառայություն ընել, բանտապետը կփութար մեծ հարգանքով, և իրեն կօգնեին երբեմն հոն դռանը քով հսկող զինվորները:
Այդ ծերունին շատ ծանր և ապացուցված ոճիրի մը հանցանքով ամբաստանված իսլամ բանտարկյալ մըն էր: