ցույց կուտային տերևներու մեջտեղեն. քաղցր սոսափյունը մեղմորեն օրորվող ճյուղերուն կխառնվեր մեր աչքին անտեսանելի ջուրի կարկաչներու հետ. թիթեռնիկներ կոստոստեին հետամնաց նարնջածաղիկներու վրա ու ճամփուն երկու կողմեն կտարածվեին մշտահոս առուներեն սնած զմրուխտի գույն մարգագետիններ: Երկար օրերե ի վեր, առաջին անգամն ըլլալով մեր անհամբերությունը գոհունակությունով լեցուն էր. այնքան սրտաճմլիկ, դառն և հուսահատորեն ընկճող պատմություններն, լացերե և ողբերե ետքը հոգեկան անդիմադրելի պահանջք մը ունեին այդ հերոսական քաղաքը տեսնելու և իրենց իսկ բերնեն լսելու ինքնապաշտպանության մանրամասնությունները: Ու հետո Սիսեն ի վեր չէինք հանդիպած զուտ հայկական ավանի մը կամ գյուղի մը. հոս վստահ էինք, որ առաջին անգամ մեզ դիմավորողները խոժոռ և կասկածոտ նայվածքով չպիտի նայեին մեր օտարականի երևույթին վրա:
Քաղաք մտած էինք արդեն, բայց որևէ կետե անկարելի էր մեկ նայվածքով անոր ամբողջությունն ընդգրկել. տունեը ցրված ու գրեթե կորսված էին նարնջենիի անտառին մեջ. յուրաքանչյուր ընտանիքի սեփականությունը կսահմանվեր վճիտ առվակով մը, որ Տյորթ Յոլի ետևը բարձրացող լեռներուն կողերեն կբխեին և անհամար ճյուղերու բաժնված կպտուտքեին քաղաքին մեջ: Անսահման խաղաղության և հանգիստի զգացում մը կարտաշնչվեր այդ պատկերներեն. տուներուն փեղկերը գոց էին և լուռ միջոցին մեջ երբեմն կլսվեր երկար բառաչյունն ընտանի կենդանիի մը. այծեր ու ուլիկներ անվրդով կարածեին առվակներուն եզերքը բարձրացող խոտերուն մեջ ու մեր անցքին` իրենց բարի ու երազուն նայվածքը կդառնար մեզի ու միջոց մը կընկերանար մեր սայլին:
Շուկային մեջ կեցանք ու անմիջապես շրջապատվեցանք քաղաքացիներեն: Ուրախությամբ կընդունեին մեզի և գոհ էին հյուրընկալություն առաջարկելու իրենց սուրբ և անեղծ մնացած ընտանիքներուն մեջ: Ուրախ էին վրա եկած խաղաղությանը համար, սարսափելի աղետեն ազատված ըլլալնուն համար, ու մեծապես հպարտ` իրենց կատարած ինքնապաշտպանության գործով:
Մեր ժամանումին լուրը կայծակի արագությամբ հասել էր ամեն