Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմ: Այրերը կփութային, բարի գալուստ կմաղթեին և ամենուն դեմքին վրա կճաճանչեր ինքնագոհությունը: Այդ միջոցին վրա հասավ տեղին երևելիներեն մեկը, որուն հանձնարարած էինք նախապես և որուն տունը հյուր պիտի մնայինք մեր Տյորթ Յոլ անցուցած օրերու միջոցին:

Նահապետական, հարւստ և ընդարձակ ընտանիք մըն էր անի կա. շատ մը տղաքներ կխայտային մեր շուրջը և իրենց մեջ թոռներ և նույնիսկ թոռնորդիներ կային: Հարսեր և նորատի աղջիկներ գաղտագողի կուգային կդիտեին մեզի ու կփախչեին ժպտելով, մինչ տանը երեց ու այր անդամները կհյուրասիրեին մեզի ընդարձակ սենյակի մը մեջ. ճերմակ և մաքուր սենյակ մը, ձյունափայլ մետաքսյա վարագույրներով և Հալեպի ու Դամասկոսի օթոցներով կահավորված:

Քիչ հետո եկավ նաև տանտիրուհին, լաչակով կզակը կապած և հագած լայն և խիտ ծալքերով շրջազգեստ մը: Իր արդուզարդին մեջ հայկական գավառներու հատուկ տարազներու հետքեր կային. այդ պարագան հաճելիորեն ազդեց մեր տրամադրությանը վրա:

Իմաստուն և համակրելի կին մըն էր այդ տարեց՝ գրեթե պառավ տանտիրուհին; իր թառամած դեմքը կկրեր անցյալ գեղեցկության մը դեռ չջնջված հետքերը, աչքերն արտահայտիչ էին ու խելքով լեցուն. իր ամեն մեկ խոսքերը կզարմացնեին մեզի իրենց լայնախոհությամբ և ողջամտությամբ: Իր խանդավառությունն ու ուրախությունը պատշաճ չափավորության մը ունեին, բայց երբ կըսեր մեզի, որ եթե թշնամին տասն անգամ հարձակի քաղաքին վրա, իրենց կողերեն ծնած ու իրենց կաթովը սնած երիտասարդները տասն անգամ պատնեշին վրա պիտի ըլլան ու հոն պիտի մեռնին ի հարկին, անսահմանելի հիացումով մը դղրդված կզգայինք ինքզինքնիս:

Մինչև ընթրիքի ժամը` անհամար քաղաքացիներ եկան ու գացին. ուշադրությունով և զգացված մտիկ կընեին մեր ականատեսի զարհուրելի պատմություններն ու ամենուն դեմքերը ծանր տխրությունով մը կմթագնեին: Բայց նորեն անպարտելի եռանդով մը կխոսեին իրենց ինքնապաշտպանության վրա ու անոր մանրամասնությունները պատմած ժամանակին` այն օրերուն հուզմունքով, դողովն ու արիությունովը կխռովեին: