Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուրծքերնուն վրա և ձույլ ոսկիե ապարանջաններ կծածկեին իրենց բազուկները:

Պառավները սքանչելի եղած էին նաև կռվի օրերուն, անոնք էին, որ կխրախուսեին քաջերը, կհեգնեին թույլերը ու հոգնութենե և քնատութենե ջլատվածները հանելով իրենց անկողիններեն՝ կղրկեին պատնեշներուն վրա: Պառավներն օգնած էին նաև կռվողներուն՝ անոնց ուտեստ և պաշար հասցնելով, և ծարավի ահռելի օրերուն մեջ պատրանքներով օրորած էին հուսահատողներն ու տառապողները:

Մեկ խոսքով Տյորթ յոլցի պառավները կենդանի պատմությունն էին այդ խումբ մը արի և քաջ հայերուն. իրենցմով բացահայտ էր, որ Տյորթ յոլցին սերած էր ցեղին ամենեն ազնվական մեկ երակեն. ու քանի երթայինք անցյալին մեջ, քանի մոտիկնայինք իրենց սկզբնական աղբյուրին, այնքան ավելի երևան պիտի գար իրենց ծագումին հարազատությունը:

Գիշերն ամբողջ զբաղեցանք և խոսեցանք այժմեություն ունեցող հարցերով և պատմություններով. կշահագրգռվեին ազգին շահերով և ճակատագրով ընդհանրապես ու Կիլիկիո և Տյորթ յոլի վիճակովը՝ մասնավորապես:

Իրենց մեջ կպատսպարեին 5000-ի չափ արկածյալներ. ոչ մեկ տեղե նպաստ չէին ստացած: Տյորթ Յոլ մայրաբար իր կուրծքը բացեր և ընդուներ էր շրջակայքի այրիներն ու որբերը ու իր սիրազեղ գուրգուրանքով ծածկեր էր անոնց թշվառությունը:

Որբերու խնդիրը մեծ վրդովմունք առաջ բերավ:

- Մենք որբանոց չենք ուզեր, մենք մեր որբերը կպահենք, - կըսեին խուլ ձայնով մը, զգալով բնազդով, թե ինչ մեծ անպատեհություններ կան որբերն այրիներին բաժնելու մեջ:

Կխնդրեին սակայն, որ օգնեինք իրենց` դպրոցական խնդրին մեջ. պյուտճենին խանգարված էր: Բայց ամեն գնով ու ամեն կարգի զոհողություններ հանձն առնելով, կխոստանային բանալ դպրոցները և զանոնք վարել այսպես թե այնպես;

Տեղին ընթացիկ գործերն անցողակի կերպով մը կզբաղեցնեին զիրենք ու միշտ կդառնային մեծ պատահարին վրա: Հոս այլևս դեպքը չէին որակեր աղետ. զուլում բառերով, այլ կըսեին կռիվի օրերուն.