Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընթրիքի սեղանին մասնակցեցան միայն տանտիրուհին և տանն այր անդամները. հարսերն ու աղջիկները ոտքի վրա կդառնային մեր շուրջն ու իրարու հետ կմրցեին մեզի հյուրասիրելու համար:

Ընթրիքեն ետքը կրկին հավաքվեցանք հյուրասրահը. տան ազգականներ ու բարեկամներ եկան տեսնելու մեզի: Սենյակին երկու եզերքները երկարող բազմոցները գրավված էին նորեկներով. աթոռներ ու աթոռակներ բերվեցան և նույնիսկ պատանիներ ու տղաք ծալապատիկ նստեցան գետինը:

Կատարյալ երեկույթ մըն էր. հյուրամեծարությունը կըլլար տեղին հատուկ բարքերուն համեմատ. արտակարգ լրջությունով մը գրեթե խոժոռացած էին այրերուն դեմքերը. երիտասարդներն ու երիտասարդուհիները խպնոտ ակնածանքով մը կվերաբերվեին տարեցներուն հետ. գրեթե ամենքն ալ հայերեն կխոսեին, թեև իրենց ընտանի լեզուն թուրքերենն ըլլար. դիտեցինք նաև, որ պառավներուն բարբառն ավելի մաքուր և ավելի հարազատ էր, ինչ որ կնշանակեր թե ասկե մեկ-երկու սերունդ առաջ հայերենը նույնքան ընտանի էր իրենց: Կիները գեղեցիկ էին ու աղջիկները շնորհալի. սև, երազուն աչքեր կպսպղային ասդին-անդին. սաթի պես սև մազեր գեղեցիկ հյուսքերով կիյնային կռնակնուն վար և իրենց ճկուն ու բարձր հասակները ներդաշնակ հակումներ ու շարժումներ ունեին: Առհասարակ տժգույն էին, ու ասիկա հիվանդագին նրբություն մը կուտար իրենց դիմագծերուն: Ատոր պատճառը սա է, որ Տյորթ յոլցիք նարնջենիներու բուրմունքեն շարունակաբար արբեցածի պես են:

Պառավները սքանչելի էին. ոչ մեկ տեղ չէի հանդիպած այդպիսի երևույթի. իմաստուն և հեղինակավոր, կխոսեին ծանրությամբ. իրենց ամեն մեկ բառը կշիռք ուներ: Ցեղին մաքուր ավանդություններուն ընդունարաններն էին և այդ արի Ժողովուրդին հանճարը դրոշմված էր իրենց պատկառելի ճակտին վրա: Ամենքն ալ կկրեին հնամենի տարազը. լայն և խիտ ծալքերով շրջազգեստ, և սեղմված չփակ մը կկազմեր իրենց ամբողջ հագուստը: Գլուխնին ծածկած էին կարմիր լաչակով, որ ճակատին վրա բարձր կկենար ներքևեն դրված վարսակալի մը շնորհիվ, որ իր կարգին ծածկված էր մանր ոսկիներու շարքով մը: Ոսկեդրամներով ծածկված մանյակներ կտարածվեին