Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիյնային, կարծես դեռ խոնավ մորը համբույրներեն: Ո՞ր գիրկեն խլած էին այդ տխուր ու դժբախտ մանկիկը, ո՞ր մայրական գուրգուրալի ուշադրությունեն, երազներեն, հույսերեն ու հպարտութենեն զրկած էր զինքը թշնամին, որ իր ատելության անողոք կնիքը գտած էր վշտացած շրթունքներուն վրա. որովհետև դաշույնի հարվածի երկար սպի մը կերևեր այտին վրայեն մինչև շրթունքը:

Լեզու ելա՞ծ էր արդյոք, կհիշեր այն խանդաղատանքը, այն մեծ ուրախությունը, որով իր հայրն ու մայրը ողջունած էին իր առաջին վանկերը, իր ծնողքին սուգը պահելու համա՞ր էր, որ կմերժեր օտարներու քով արտասանել զանոնք:

Անոնք որ տեսան զինքը՝ անկարող պիտի ըլլան մոռնալ այլևս այդ անմխիթարելի վիշտով համրացած տղեքին պատկերը, ամբողջ ցեղին մանկությունը տխրած էր անոր աչքերուն մեջ…

Մնացյալ որբերը, հինգեն տասը տարեկան, հավաքված էին դասարանի մը մեջ. ամենքն ալ անջնջելի կերպով կկրեին արհավիրքի ու վշտի հետքերը՝ իրենց արևեն այրած դեմքերուն և արցունքի հաճախումեն կարմրած կոպերուն վրա: Ամբողջ ցավի, կարոտի աշխարհներ կընդնշմարվեին երբեմն իրենց սև և ցավագին աչքերուն ու հիմարական ժայթքումներ՝ իրենց նայվածքներուն մեջ. հրդեհված քաղաքին բոցերեն էին, որ կարծես կպարեին իրենց հիշողության առաջ ու տղաք այդ րոպեներուն կզգուշանային իրարու նայելե:

«Սկսած են մոռնալ ու սովորական կյանքի մեջ մտնել», կհաստատեր մեզի մայրապետը: Բայց չէ՜, անոնք չէին մոռցած ու մանավանդ իմանալով, որ դեպի Ադանա պիտի երթանք, բռնված անզսպելի վշտի տագնապե մը՝ սկսան լալ հեկեկալով, ու իրենց փոքրիկ մարմինները, զրկված մայրական գգվանքներե, կգալարվեին հուսահատորեն նստարաններու վրա:

Իրենց ցավը չարծարծելու համար որոշեցինք հեռանալ, բայց իրենց խելահեղ նայվածքն արցունքի ամպի մը ետևեն կհետևեր մեզի, կկառչեր մեզի ու չէինք գիտեր այլևս թե պարտական էինք իրենց մոտ մնա՞լ թե մեկնել:

Հեռանալե առաջ՝ փափագեցանք տեսնել երկու փոքրիկներ, որոնք տենդե բռնված էին ու մայրապետը մեզի առաջնորդեց անոնց