Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քով: Ճերմակ և մաքուր սավաններու մեջ երկու թխորակ գլուխներ կհանգչեին․ մեռելային տժգնություն մը երևան կհաներ իրենց հոնքերուն և թարթիչներուն սևությունը, շրթունքները կապուտցած, պրկված էին ջղաձգորեն: Սարսափով խորհեցա այն մղձավանջներուն վրա՝ որով այդ տենդե բռնված պզտիկ ուղեղները տանջված ըլլալու էին. երկուքին ալ մայրերն այրած էին Ժեզուիթներու դպրոցին մեջ ու տղաքը հրաշքով ազատված, մեկուն այտը խոռոչացած էր գնդակի հարվածե մը:

Ու այդ երկու մարտիրոսացած պզտիկներում մոտ աթոռի մը վրա կտեսնեմ պուպրիկ մը. ի՞նչ անհագուրդ մնացած ու մեզի անծանոթ խանդաղատանքի ու սիրո ծարավ է, որ այդ որբացած աղջիկները կփոխադրեին անշունչ խաղալիքին վրա: Ուզեցի, որ աչքերնին բանային ու տեսնեին մեզ, տեսնեին մեր կարեկցության մերձավորությունը. ուզեցի, որ իրենց մայրենի լեզվով բառեր լսեին, ու իրենց խոսեինք այնպես, ինչպես իրենց ծնողքը պիտի խոսեին:

Բայց տենդի սաստկութենեն ծանրացած, անոնց աչքերը փակ մնացին մինչև մեր մեկնած պահուն:

٭٭٭

Երբ Մերսին հասանք՝ արդեն պատրաստված էի ամենամեծ դժբախտության պատկեր մը տեսնելու, իմ երևակայությունս՝ սարսափելի համեմատությամբ իրականության մը կսպասեր: Բայց ինչ որ տեսա՝ վեր էր ամեն երևակայութենե. ինծի դժվար է ամբողջական գաղափար մը տալ. բառերը իրենց առօրյա և ընթացիկ իմաստով անկարող են արտահայտելու ահավոր անպատմելի երևույթը, որ իմ աչքերս տեսան:

Այն օրերուն՝ երբ հրդեհե ազատողները հրացաններու գնդակներուն զոհ կերթային, այն օրերուն՝ ուր սարսափահար և խուճապի բռնված մարդիկը ոտնակոխելով տկարներն ու անկարողները, ինքզինքնին ազատել կճգնեին, տղոց մեծ մասը բաժնված իրենց ծնողներեն՝ ցրված էին ասդին անդին: Պատրիարքական առաջին պատվիրակությունը մաս առ մաս հավաքելով զիրենք ղրկեր էր Մերսին՝ պատսպարելու ազգային վարժարանին և եկեղեցիին մեջ, որպեսզի,