կրետացի գաղթականներ հարձակեր էին գյուղին վրա. Տյորթ Յոլեն լսելով հարձակումը, քանի մը կտրիճներ ղրկեր էին, որոնք անմիջապես հասնելով, տեղացիներու օգնությամբ զբաղեցուցեր էին հարձակողները: Անմիջապես օճագլցիները բացի զենքե` առանց ուրիշ բան առնելու հավաքվեր էին տղաքն ու կիները և փախելով ապաստաներ Տյորթ Յոլի մեջ, իսկ Էոզերլի գյուղը հարավային կողմեն, երբ լսեր էին, որ օճագլցիները հարձակում կրած և ինքզինքնին պաշտպանելով Տյորթ Յոլ հասած, եկեր միացեր էին անոնց: Բոլոր այդ անտուն և անտեղ մնացած գյուղացիները թե` կռիվի օրերուն և թե հաջորդ օրերուն պատսպարան, սնունդ և մխիթարություն գտեր էին Տյորթ Յոլի մեջ:
Փոխադարձ գորովի և սիրո տաք մթնոլորտի մը մեջ էինք: Պատմության ամեն դադարներուն կիներ իրարու վրա կհակեին և զիրար կմխիթարեին սփոփարար խոսքերով: Տխրությունը կարճատև էր արդեն ու անիկա վերապահած էին ուրիշ վայրերու աղետյալներուն: Երբեմն մտաբերելով որևէ սոսկալի դեպք, կիները ջերմապես կարտասվեին, բայց իրենց արցունքներուն ետևեն ժպիտը կծագեր, որովհետև մեկ դաժան մտածումին կհաջորդեին քանի մը սրտապնդող ու պանծալի հիշատակներ, ու կռիվի օրերուն պատկանող ամեն մեկ վերհիշումին՝ կնշմարեինք, որ տանը տղաքը, որոնց եկած միացած էին հյուրերուն տղաքը, գլուխնին բարձր բռնած, աչքերնին վառվռուն հետաքրքրությամբ կհետևեին մեծերուն պատմության:
Հակառակ ուրիշ գյուղացիներու նեղմտության, որով իրենց սահմանեն անդին պատահած որևէ բանով չեն շահագրգիռ, եթե անմիջական առնչություն չունի իրենց ճակատագրին հետ, Տյորթ յոլցիները մեծապես կհետաքրքրվեին ազգին ընդհանուր խնդիրներով: Հարցումներ մեկը մյուսին ետևեն կտեղային մեզի, իրենց մտահոգության գլխավոր առարկան մեր մտավորական և կրթական խնդիրն էին. ծարավն էին մայրենի լեզվին ու պարծենալով կխոսեին զայն, պառավներն ու տղաքը հայախոս էին արդեն, երիտասարդներն ու տարեցները մեծ ճիգեր կընեին այդ ուղղությամբ: Սրտառուչ էր նաև իրենց խանդակաթ հետաքրքրությունը Կովկասի հայ բանտարկյալներուն համար, ու մինչ իրենց եղբայրներն ու զավակները տակավին