Էջ:Among the Ruins.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանտն էին Էրզինի մեջ անորոշ ապագայով, իրենց սրտեն բան մը կգտնային տալու տարբեր բռնապետության մը տակ հեծող հեռավոր և անծանոթ եղբայրներուն:

Տյորթ Յոլի մեջ ավերակ չունեինք այցելելու, անոր տեղ պարտեզները կային: Առավոտուն կանուխ եկան այն երիտասարդները, որոնց ժամադրություն տված էինք երթալու և այցելելու համար այն տեղերը` ուր ժողովրդական հանճարը հարմար դատած էր պատնեշներ կանգնել:

Անցանք նարնջենիի պարտեզները և քանիցս ոտքերնիս դրինք պզտիկ փայտյա կամուրջներու վրա, որոնք ձգտված էին ավերակներուն լայն տեղերը: Փայլուն և պսպղացող գայլախաղներու վրայեն վճիտ ջուրը կհոսեր մրմնջելով, տեղ-տեղ պզտիկ զառիվարե մը կթավալեր և ջուրերը մոլորվելով մացառուտ և ծաղկյալ թուփերուն մեջ` կաթիլ-կաթիլ կցրվեին բարձր խոտերե կազմված մարգագետիններու մեջ: Դեղին և կապույտ ծաղիկներ կկիտավորեին այդ ընդարձակ կանանչ տարածությունները, երբ ջուրի կաթիլը կիյնար գայլախազի մը վրա, մտիկ կընեինք անոր ընդհատ և պայծառ աղմուկը, որ կկորսվեր հետզհետե ավելի բարձր երգող կարկաչյուններու մեջ: Արևը կլուսավորեր գագաթները հինավուրց նարնջենիներուն. անոր ճառագայթները հազիվ կթափանցեին անտառին խորության մեջ: Երբ հովը շարժեր ծառերը, տերևներու բացվածքներեն հանկարծակի սպրդող բեկբեկ ճառագայթներ կխաղային գետնին վրա ու կմարեին շուտով` երերացող շուքերուն մեջ նարնջենիի ճյուղերուն:

Տհաս պտուղները պերկամոթի բարկ բուրմունք մը ունեին ու օդը գրեթե անշնչելի կդառնար, երբ եկանք բացաստանի մը վրա: Հեռվեն կերևար երկար շարքը պատնեշներուն:

- Անշուշտ պարագլուխներ կային ձեր մեջ` կռիվի օրերուն, - կհարցնեինք մեզ ընկերակցողներուն:

- Գրեթե ոչ - կպատասխանե անիկա, - մեկ հոգիի և մեկ մարմինի պես էինք, զիրար կհասկնայինք առանց իրարու հետ խոսելու, մեկ գիշերվան մեջ պատնեշները կանգնեցրինք, մարդիկ իրենց տունը հիմերեն կքանդեին ու քարերը կբերեին, կիներն ու տղաքն անգամ